Սխալներն ընդունված են, սխալները շարունակում են արվել

Վարչապետի երեկվա հայտարարությունները ոչ միայն անհասկանալի է, թե ում են ուղղված, այլև իրենց մեջ պարունակում են իրական վտանգներ։

Հայտարարություն առաջին

«Մինչ վերջին օրերին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մի քանի աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին, և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»։

Սա այն է, ինչի մասին մենք մարտ ամսից ասում ենք՝ իշխանությունը մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը ստորադասել է իր քաղաքական շահերին, իշխանության օրակարգը և ժողովրդի օրակարգն իրար հետ կապ չունեն։

Այս խոսքերում «մենքը» հանրությունը չէ։ Այս խոսքերի միակ հասցեատերը պետք է լինի իշխանությունը։ Մնացածը հենց այնպես ասված բառեր են։

Հանրությունը չէ իշխանությունների ուշադրությունը շեղում համաճարակից, այլ իշխանություններն են համավարակի դեմ պայքարելու փոխարեն՝ հանրությանը զբաղեցնում բոլորովին այլ խնդիրներով։ Այս ընթացքում իշխանություններն են, որ մեկը մյուսի հետևից կազմակերպում են քաղաքական շոուներ՝ քրեական գործեր, սահմանադրական փոփոխություններ, իսկ այս ամենի ֆոնին իրենց թեթև ձեռքով համաճարակը մղվում է երկրորդ պլան։ Իշխանությունն է արտակարգ դրության պայմաններում գաղտագողի ընդունում օրենքներ, որոնց հետևանքները շատ շուտով զգալու է յուրաքանչյուրը քաղաքացի։

Հիմա հանրությունից ի՞նչ եք ուզում։ Ինչո՞ւ եք հերթական անգամ ձեր սխալները բարդում հասարակության վրա։

Ինչպե՞ս պետք է հասարակությունից լրջություն ակնկալել, եթե իշխանություններին է բնորոշ անլրջությունը։ Ինչո՞ւ պետք է մարդիկ լուրջ վերաբերեն վարչապետի ուղերձներին, եթե վարչապետի գործողություններն ու հայտարարությունները համարժեք չեն իրավիճակի լրջությանը։

Հայտարարություն երկրորդ

«Մենք ինչ-որ սխալ արել ենք, երևի կազմակերպչական, կառավարման մակարդակի սխալներ էլ ենք արել, և մենք գնում ենք այդ սխալներն ուղղելու ճանապարհով, բայց ամեն մեկս պետք է մեր սխալն ուղղենք՝ հանուն մեր պետության, ժողովրդի»։

Փաշինյանն ու իր կառավարությունն արել են շատ կոպիտ, ճակատագրական սխալներ, որոնց գինը տասնյակ հազարավոր մարդկանց առողջությունն է, չդադարող մահերի քանակը։ Համաճարակի ողջ ընթացքում Ձեզ զգուշացնում էին այդ սխալների մասին։ Ցուցադրաբար արհամարհում էիք։ Այսօր, հենց այս պահին, շարունակում են արվել կոպիտ սխալներ, որոնք թե՛ կազմակերպչական են, թե՛ կառավարչական։

Վարչապետն ընդունում է, որ ճիշտ չեն գնահատել վարակով պայմանավորված իրավիճակը, ռիսկերը։ Մնում է՝ ընդունի նաև դրա գինը, որ վճարել է մեր ժողովուրդը։ Իսկ դրանից հետո միակ տրամաբանական հարցը՝ ինչպե՞ս եք պատկերացնում շարունակել կառավարել։

Մենք առաջիկայում սխալների ամբողջական փաթեթը ներկայացնելու ենք հանրությանը, ԱԺ-ին և կառավարությանը։ Կարող ենք մի քանիսը հիմա ասել.

1. Հունվարի 30-ին ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժովը ինչպե՞ս է աչք փակել մինչև մարտի 13-ը ձեր հանրահավաքների վրա։

2. Ինչպե՞ս հնարավոր եղավ մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները և միայն մայիսի 18-ից պարտադրել դիմակներ դնել։ Սա կոպտագույն սխալ էր, որը բերեց վարակի անզուսպ տարածմանը։

3. Ինչո՞ւ պետությունը 4 ամիս շարունակ, առ այսօր չի կարողանում լուծել զանգվածային թեստավորման հարցը։ Ամբողջ աշխարհում սա համարվում է ամենակարևոր գործիքը՝ ասիմպտոմ և թեթև հիվանդներին հայտնաբերելու և վարակի օջախները լոկալիզացնելու համար։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Տեսանյութեր

Լրահոս