«Ես մենակ կարո՞ղ եմ 4-5 պաշտոն զբաղեցնել». Գագիկ Ջհանգիրյան
Սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ազդարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ»,- գրառել էր նա:
ՍԴ-ի շուրջ գործընթացները դարձյալ ակտիվացրել են լուրերը, թե հնարավոր է՝ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դառնա Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր: Մասնավորապես, Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ խորհրդարանին կներկայացվի նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը՝ որպես ՍԴ անդամ։
Նման խոսակցություններ մամուլում շրջանառվում էին դեռևս փետրվարին, երբ իշխանությունները պատրաստվում էին սահմանադրական հանրաքվեի:
168.am-ը փորձեց Գագիկ Ջհանգիրյանից ճշտել՝ որքանո՞վ են հնարավոր և հավաստի իշխանությունների կողմից իր թեկնածությունը՝ որպես ՍԴ անդամ առաջադրելու մասին խոսակցությունները, ինչին նախկին զինդատախազն արձագանքեց.
«Դուք չհոգնեցի՞ք ինձ տարբեր պաշտոններ առաջարկել, ես մենակ կարո՞ղ եմ 4-5 պաշտոն զբաղեցնել»:
Դիտարկմանը, որ լուրջ հարց է տրվում, որպեսզի պարզ դառնա հավաստիությունը լուրերի, պետք չէ անլրջացնել, Ջհանգիրյանը պատասխանեց.
«Ես էլ եմ լուրջ պատասխանում: Չհոգնեցի՞ք ինձ տարբեր պաշտոնների նշանակելուց և հանելուց»:
Մեր հակադարձմանը՝ եթե պարզվի, որ խոսակցությունները ՍԴ անդամի թեկնածության առաջադրման մասով ճիշտ են, այդ դեպքում ի՞նչ կասեք, պատասխան եղավ.
«Լավ էլի, լավ մնացեք»:
Հիշեցնենք, որ մայիսին լուրեր եղան, թե հնարավոր է՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին փոխարինի Գագիկ Ջհանգիրյանը, այդ ժամանակ 168.am-ի հարցին ի պատասխան՝ նախկին զինդատախազը նշել էր, թե նախ պիտի «Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարվի»:
Իսկ մեկ այլ լրատվամիջոցում խոսելով վեթինգից, ասել էր՝ հին դատական և իրավապահ համակարգով շատ առաջ գնալ չենք կարող՝ նշելով, թե հարյուրներով անմեղ մարդկանց են լցրել բանտերը, մի քանի հարյուրին կալանավորել՝ առանց որևէ հիմքի, որևէ հանցանք չգործած մարդկանց դատել և դատապարտել, և հիմա այդ դատավորները շարունակում են բարեհաջող աշխատել այս համակարգում:
«Այդ համակարգը ո՞նց կարող է նոր իշխանությունների կամ նոր խնդիրների լուծմանը լծվել, կամ արդարադատությունն անկախ իրականացնել: Չէ՞ որ, եթե գործադիրն այսօր նրանց չի կարգադրում, եթե նրանք նախագահի կամ վարչապետի հսկողության տակ չեն, նրանց վրա ազդեցության հազարավոր կանալներ կան. նրանք հազար թելերով՝ ազգակցական, խնամիական, նյութական և այլն, կապված են նախկին իշխանությունների, նրանց մերձավորների հետ: Սա ոչ միայն դատավորներին է վերաբերում, երևի դատախազության մեջ էլ այդպիսի մարդիկ եղած կլինեն կամ կան, ես հիմա, իհարկե, չգիտեմ: Դա նաև այլ իրավապահ կառույցներում աշխատածներին է վերաբերում՝ օպերատիվ աշխատողներին: Պետք է մաքրվի, նոր իշխանությունը պիտի վաղուց զտեր, այս դատական օրենսգրքում բերված փոփոխությունները, կարծում եմ, ավելի կարդինալ պետք է լինեին և ավելի վաղ պետք է արվեին, շատ վաղ, 2 տարին լրացել է»,- ասել էր Ջհանգիրյանը: