«Պաշտոնը բառացի երդումով ես ստանձնում: Ես երդվել և պաշտոնը ստանձնել եմ 2014թ. հոկտեմբերի 23-ին». Ալվինա Գյուլումյան
«Ես եկել եմ աշխատելու: Ոչ ոք դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտվել են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումը և գործունեությունը, և այս պարագայում մենք օրենքի ուժով դեռևս շարունակում ենք աշխատել»,- Սահմանադրական դատարանի (ՍԴ) մոտ լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում ասաց ՍԴ արձակուրդ մեկնած նախագահ Հրայր Թովմասյանի բացակայության պայմաններում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Ալվինա Գյուլումյանը:
Վերջինիս խոսքով՝ երբ ՍԴ-ում որևէ մեկի լիազորությունները դադարել են, Դատարանում արձանագրային որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը:
Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա: Իսկ ինչ վեաբերում է հայտարարություններին, դրանք ոչ իմ, ոչ էլ ձեր՝ աշխատանքից ազատվելու հիմք չեն»,- լրագրողներին դիմելով՝ ասաց Ալվինա Գյուլումյանը:
Դիտարկմանը, որ իշխանությունները նշել են, որ իր նշած կարգավորումը ժամանակի հարց է, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց՝ սպասենք այդ ժամանակին ուրեմն:
«Մինչև չկոնկրետացվեն, մինչև դրանք օրենքի մեջ իրենց արտացոլումը չգտնեն, բնականաբար, մենք շարունակում ենք աշխատել»,- ասաց ՍԴ փոխնախագահը՝ հավելելով, որ 2015թ. փոփոխություններով՝ Սահմանադրության նորմերից անմիջական գործող են համարվում միայն մարդու իրավունքների վերաբերյալ նորմերը. մնացած նորմերը գործում են օրենսդրական համապատասխան ամրապնդում ստանալուց հետո:
Խոսելով իրենց անելիք քայլերի մասին՝ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ դրանք պետք է լինեն դատական կարգով իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը, և եթե դա հնարավոր չլինի անել ներպետական դատարաններում, ուրեմն իրենք կդիմեն Եվրոպական դատարան:
Ալինա Գյուլումյանն անդրադարձավ նաև արտասահմանից գալուց հետո իր՝ հավելավճարներ ստանալու համար դատարան դիմելու լուրերին:
«Այո, դիմել եմ: Դատավորի ստաժի հավելավճարը ոչ միայն ՍԴ դատավորի կամ անդամի համար է, այլև ցանկացած ատյանում դատավոր աշխատելու համար: Իմ բերած փաստարկը վերաբերել է նրան, որ ես՝ լինելով ՄԻԵԴ-ում, նույնպես եղել եմ դատավոր, հետևաբար՝ պետք է շարունակվի: Այս հարցում դիտավորյալ թյուրըմբռնում կա, որովհետև նա, ով այդ մասին հայտարարել է, շատ լավ գիտի, որ ես վկայակոչել եմ նոր դատական օրենսգիրքը, որը ՄԻԵԴ-ում իմ պաշտոնավարումը նույնպես համարում է դատավորի փորձ»,- ասաց ՍԴ փոխնախագահը՝ նշելով, որ չի դիմել 2014թ., որովհետև այդ ժամանակ մեր օրենսդրությամբ ՄԻԵԴ-ում պաշտոնավարելը դատական աշխատանքի փորձ չի համարվել:
Ալվինա Գյուլումյանն ասաց, որ եղել է նոր դատական օրենսգիրքը, և ինքն այն ժամանակ դիմել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանին (ներկայումս՝ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր.- Գ.Ս.)՝ այդ կարգով հաշվարկել իր հավելավճարը:
«Իր պատասխանն էր ինձ՝ ոչ, Դուք նոր դատավոր եք համարվում, որովհետև ընտրվել եք 2014թ. հետո: Իմ ասածը վերաբերել է նրան, որ ես ՄԻԵԴ-ում էլ եմ դատավոր համարվել»,- ասաց Ալվինա Գյուլումյանը:
Նա նշեց նաև, որ պաշտոնավարում է 2014թ. նոյեմբերի 1-ից:
«Մինչ այդ պաշտոնավարել եմ ՄԻԵԴ-ում, դրանից առաջ՝ Սահմանադրական դատարանում, ավելի վաղ՝ Գերագույն դատարանում: Հիմա ի՞նչ: Իմ նախորդ պաշտոնավարումից հետո 2 անգամ Սահմանադրություն է փոփոխվել: Եթե իմ նախկին պաշտոնավարումը պետք է հաշվարկեին, էլ ինչի՞ էի ես երկրորդ անգամ երդվում: Թող ասեին՝ ՍԴ-ում եղել ես, արի, շարունակիր: Իսկ պաշտոնը բառացի երդումով ես ստանձնում: Ես երդվել և պաշտոնը ստանձնել եմ 2014թ. հոկտեմբերի 23-ին»,- եզրափակեց Ալվինա Գյուլումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում