Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը:

ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև սերտ համագործակցությունը, ինչպես նաև վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության փաստը ու նշել, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը:

Միշել Թիերենը վարչապետին է ներկայացրել հայաստանյան բժշկական հաստատություններ կատարած այցերի տպավորությունները՝ մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու համատեքստում: Նա նշել է, որ տպավորված է հայաստանյան ԲԿ-ներում կորոնավիրուսի դեմ պայքարի և պացիենտներին բուժելու համար ստեղծված պայմաններից՝ շեշտելով այն փաստը, որ Հայաստանում չկան այնպիսի պացիենտներ, որոնք գտնվում են առողջական վատ վիճակում, սակայն տեղերի բացակայության պատճառով չեն հոսպիտալացվում: Թիերենի խոսքով՝ համավարակի մասին տեղեկատվությունն աշխարհում լիարժեք չէ, դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ մինչ այժմ մասնագետներն ու փորձագետները ներկայացնում են դրա դեմ պայքարի ոչ միանման տեսակետներ: Նրա խոսքով՝ միայն ժամանակի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր դառնում գտնել վարակի դեմ պայքարելու գործիքները: Այդ համատեքստում, պարոն Թիերենն ընդգծել է դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտությունն ու դրանց արդյունավետությունը՝ նշելով, որ պետք է խուսափել զանգվածային հավաքներից ու փակ տարածքներում միջոցառումներից: ԱՀԿ առաքելության ղեկավարի համոզմամբ՝ տնտեսությունը լոքդաունի ենթարկելու և այն բացելու միջև ընտրություն չպետք է կատարել. փորձը ցույց է տալիս, որ պետք է սովորել ապրել ստեղծված պայմաններում՝ պահպանելով համավարակին հակազդելու վարքագծային կանոնները:

Նա համավարակի դեմ պայքարում կարևորել է նաև գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը՝ վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում:

Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև փորձի փոխանակման շարունակականության ապահովումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս