«Խորհուրդ եմ տալիս պարոն Մարությանին պատվով հեռանալ». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը լիովին համաձայն է իր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի տեսակետի հետ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում: Խաժակյանն այս մասին հայտնել  էր այսօր ավագանու նիստի ժամանակ և ներկայացրել, որ ինքը երկու քրեական գործով ներգրավվել է՝ որպես վկա:

«Այո, գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում, վերջին մեկ ամսվա, 20 օրվա ընթացքում երկրում տիրող իրավիճակը սրվել է, և սա միանշանակ լավ բանի չի տանելու, որովհետև հետապնդումներ են սկսվել բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ, սա միակ դեպքը չէ: Այս դեպքն ավելի ցավոտ է, քանի որ Խաժակյանը մեր խմբակցության ղեկավարն է, բայց ինձ նաև մտահոգում է, թե առհասարակ քաղաքական դաշտում ինչ է տիրում»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով  իրենց խմբակցության ավելի վաղ արված պնդումներին, որ արտակարգ դրության ընթացքում քաղաքապետի գործունեությունը չի երևում, և իրենք շատ հաճախ փնտրում են քաղաքապետին, Վարդանյանն ասաց.

«Ինչ վերաբերում է քաղաքապետի հանդիպումներին, ծպտյալ գործունեությանը, որը նա չի ծավալում, որովհետև մենք իրապես դրա մասին որևէ կերպ կտեղեկանայինք, համագործակցության որևէ դաշտ չկա: Այս երկու տարվա ընթացքում մի շատ կարևոր բան է պարզ դարձել, որ իշխանությունը չի համագործակցում ընդդիմության հետ, այսինքն՝ մենք մեր ունեցած յուրաքանչյուր հարթակը փորձում ենք օգտագործել՝ բարձրաձայնելով քաղաքացիների խնդիրները: Այո, քաղաքը չի ախտահանվում, այո, պատշաճ սանմաքրում չի իրականացվում, այն բլեֆը, բառիս ամենաբուն իմաստով, որն անում է քաղաքապետը, կապված ախտահանման, սանմաքրման, տրանսպորտի ախտահանման հետ, դա բոլորի աչքի առաջ է, դա ակնհայտ է, դրա մասին խոսում են ոչ թե ընդդիմադիր գործիչները, այլ քաղաքացիները»:

Թեհմինա Վարդանյանը նաև ընդգծեց, որ ընկել է քաղաքապետի վարկանիշը, ինչն իր կարծիքով՝ հնարավոր է որոշակիորեն փրկել միայն մի տարբերակով.

«Ինչպես գիտեք, Մեդիա պաշտպանը ժամանակ առ ժամանակ քաղաքական գործիչների գործունեության և ռեյտինգի հետ կապված նյութեր է հրապարակում:  Արդեն վստահաբար կարող ենք ասել, որ Հայկ Մարությանը տապալել է քաղաքային իշխանությունը և կորցրել սեփական դեմքը, որն ուներ մինչև քաղաքապետ «ընտրվելը»: Հետդարձ ճանապարհ այլևս չի լինելու, պարոն Մարությանի ռեյտինգն ամենացածրն է քաղաքական դաշտում, մասնավորապես՝ իշխանական ներկայացուցիչների հարթության վրա եթե դիտարկենք: Խորհուրդ եմ տալիս պարոն Մարությանին պատվով հեռանալ, իհարկե, չի խուսափելու երբևէ այն խնդիրներից, որ առաջ են եկել այս երկու տարվա ընթացքում, և պատասխան է տալու ու պատասխանատվություն է կրելու դրանց թվացյալ լուծման և ավելի շատ չլուծման համար, բայց կարողանալու է որոշ չափով պահապանել սեփական անձը, ես-ը, այն ընկալումը, որը դեռ դերասան եղած ժամանակ ուներ հանրության մեջ»,- ասաց Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս