«Սա քաղաքական հետապնդում է». Դավիթ Խաժակյանը՝ իրեն և իր ծառայողական մեքենայի վարորդին հարցաքննության կանչելու մասին
Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությանը տրամադրված ծառայողական մեքենայի վարորդին երեկ կանչել են 6-րդ վարչություն և հարցաքննել:
«Երեկ վաղ առավոտյան Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանն ամրագրված մեքենայի վարորդի տուն են այցելում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանները, որն ավելի հայտնի է՝ որպես 6-րդ վարչություն, և տանում են Ոստիկանություն՝ բացատրություն տալու: Հարցերը, որոնք ուղղվել են վերջինին, նպատակ են ունեցել պարզելու, թե որքանո՞վ է նա իրականացնում իր աշխատանքային պարտականությունները, և ինչո՞ւ եմ ես Ոստիկանության կողմից, բնականաբար, առանց իմ իմացության, ամիսներ շարունակ ինձ լուսանկարած նկարներում, վարում խմբակցության մեքենան: Ինձ համար շատ տհաճ և ցավալի է խոսել սրա մասին, բայց ոստիկանները բաժին են հրավիրել նաև նրա կնոջը, որ վերջինը հաստատի, որ տեղյակ է, թե ի՞նչ աշխատանք է կատարում իր ամուսինը, ինչը, բնականաբար, նա արել է: Իմ քաղաքական գործունեության հետ կապ չունեցող մարդկանց իմ տեղաշարժի վերաբերյալ 6-րդ վարչությունում հարցեր ուղղելուց առաջ կարելի էր, թերևս, դիտել փետրվարին armlur.am լրատվական կայքի «Քայլ առ քայլ» հաղորդումը, որտեղ ես իմ աշխատավայրի կայանատեղիից նստում եմ այդ մեքենան, վարում այն, գալիս քաղաքապետարան»,- պատմեց Խաժակյանը:
Նա ասաց, որ սա դեռ ամենը չէ: Երեկ հարցաքննության հրավեր է ստացել նաև հենց ինքը՝ Դավիթ Խաժակյանը, բայց այլ գործով, և ավագանու անդամը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ ստիպված է լինելու ժամը 15:00-ին լքել նիստը՝ հարցաքննության գնալու համար:
«Երեկ զուգահեռաբար ես ստանում եմ մեկ այլ ծանուցում՝ Շենգավիթի բաժնից, որով ինձ հրավիրում են հարցաքննության բոլորովին այլ քրեական գործի շրջանակներում: Այդ հարցաքննությանը պետք է ներկա լինեի հիմա, բայց քննիչը հարգանքով վերաբերվեց իմ այստեղ գտնվելուն և համաձայնեց հարցաքննել ինձ այլ ժամի: Սա Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ քաղաքական հետապնդում է: Դուք ապացուցում եք, որ նախկինն ու նորը դա միայն ժամանակագրություն չէ, բնութագիր է, վարվելակերպ է, որը կրում եք դուք և տեսանելի դարձնում մեր քաղաքացիների համար: Խոսքս կավարտեմ քաղաքական դաշտին հայտնի, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից այդպես էլ չընկալված ելույթի ֆրագմենտով. հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը, ոչ թե հախուռնը, կամ խելագարը: Ինչպես նա է ասում՝ կեցցե ազատությունը, կեցցե անկախությունը, կեցցե այն Հայաստանը, որը ձեզանից հետո է գալու»,- խոսքը եզրափակեց Դավիթ Խաժակյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ Խաժակյանի ելույթներն իրենց համար շատ օգտակար են, և որևէ մեկը դրանից չի վախենում, հակառակը, բարձրաձայնված խնդիրները փորձում են լուծել: Նա նկատեց նաև, որ այս կամ այն գործերով Քաղաքապետարանի աշխատակիցներից շատերը կանչվում են հարցաքննության: