Դատարանում մուտք է արվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքը
Դատախազությունն Առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 21-ին ԲՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու ԱԱԾ միջնորդությունը մերժելու որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացրել: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 168.am-ին փոխանցեց, որ վերաքննիչ բողոքը երեկ մուտքագրվել է դատարան:
Առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 21-ին կայացրած որոշման վերաբերյալ վերաքննիչ բողոք է պատրաստվում ներկայացնել նաև Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը: 168.am-ի հետ զրույցում Գ. Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Սմբատ Մինասյանն ասաց, որ Վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է, եթե ոչ՝ այսօր, ապա՝ վաղն այն կմուտքագրեն դատարան:
Ս. Մինասյանը ասաց, թե լայն հարցեր կան, որոնց իր որոշմամբ Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել, իսկ պաշտպանական կողմը ցանկանում է դրանց վերաբերյալ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանից պարզաբանում ստանալ:
Հիշեցնենք, որ դատարանի՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը չկիրառելու մասին որոշման հրապարակումից մոտ 1.5 ժամ անց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, թե «քանի որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, ՀՀ դատախազությունն այն անպայման բողոքարկելու է»:
Ավելի ուշ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանն էլ հայտնել էր, որ ԲՀԿ ղեկավարի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ կապված անհամաձայնություն ունի և պատրաստվում է բողոքարկել այն:
Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով` ընտրակաշառք տալը կազմակերպելու համար: