«Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ժամը 12 անց 47 րոպեին ստորագրեց սեփական ինքնաոչնչացման արձանագրության տակ ու սեղմեց ինքնաոչնչացման պուլտը»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրաժեշտ նախագահին

Արմեն Սարգսյանին առաջին անգամ հանդիպել եմ Լոնդոնում: Տպավորությունս դրական էր. կիրթ, գիրք կարդացած մարդ, անգամ քննարկեցինք Օքսֆորդում Սամվելի անգլո-ամերիկյան պեոզիայի թարգմանության օրեր անենք: Անկեղծ տպավորված էի, որ համատարած էս մարտնչող տգիտության մեջ կա մարդ, ում հետ կարող ես խոսել Ջոն Դոնից և Սիլվիա Փլաթից:
Ու արդեն հասկացաք, որ ես իմ մեծ լուման ունեմ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում կողմ քվեարկելու հարցում:
Սատիրիկ Կնիշևն ասում էր` կան մարդիկ, որոնց ինտելիգենտությունն օգտագործելուց առաջ նրանց, ինչպես շշի տարան, պետք է թափահարել:

Իր նախագահության ողջ ընթացքում Արմեն Սարգսյանն իրեն պահեց լեգիոների նման, ում կապը Հայաստանի և հայ ժողովրդի հետ ամրագրվում էր բացառապես անձնագրում ազգության մատնանշմամբ: Արմեն Սարգսյանը առնվազն մի քան ոսկե հնարավորություն ուներ ապացուցելու, որ տարբերվում է ղեկավարման գեղցի և հիստերիկ տեսակից: Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր անգամ բաց թողեց քինախնդիր գեղցիներից ու էժանագին չտեսներից տարբերվելու իր շանսը:

Երբ մեր հասարակությունը անխնա բաժանվում էր սևերի ու սպիտակների, երբ եղբորը հանեցին ու շարունակում են հանել եղբոր դեմ, երբ երկրի կառավարումը իջեցված է քաղաքական հաշվեհարդարների մակարդակի, Արմեն Սարգսյանը կարող էր գոնե փորձ անել կասեցնելու էս համատարած բարոյական ապոկալիպսիսը, որի դիմաց Հայաստանը առաջիկայում շատ թանկ գին է վճարելու: Արմեն Սարգսյանն ընտրեց դիտորդ լեգիոների կարգավիճակը, ում համար կարևորն իր բիզնեսների առողջական և ֆինանսական վիճակն է:

Արմեն Սարգսյանն ընտրեց անբարո ճանապարհներց ամենաեղկելին` վախկոտ դասալիքի ճանապարհը, ամեն օր կիլոմետրերով լքելով իրեն վստահված դիրքերն ու բամբուկի շյուղի պես ճկվելով իրեն ամեն օր նվաստացնողի և իրենից վաղուց արդեն անգլիական հարած պուդինգ սարքածի առաջ:

Երեկ Հայաստանի դե յուրե նախագահ Արմեն Սարգսյանին անցկացրեցին նվաստացման հերթական ծեսի միջով. ստիպեցին գիշերը ժամը 12 անց 47 րոպեին ստորագրել Սահմանադրական փոփոխությունները ստորագրելուց նախագահին, այսինքն` ինքն իրեն այդ լիազորությունից զրկելու օրենքի նախագիծը: Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ժամը 12 անց 47 րոպեին ստորագրեց սեփական ինքնաոչնչացման արձանագրության տակ ու սեղմեց ինքնաոչնչացման պուլտը:

Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի ոչ միայն դե ֆակտո, այլ նաև արդեն դե յուրե:
Ակադեմիկոս Լիխաչովն ասում էր` «շատերը կարծում են ինտելիգենտ մարդը նա է, ով շատ գրքեր է կարդացել, շատ ճանապարհորդել է, լավ կրթություն է ստացել։ Ոչ, ինտելիգենտությունը անտարբեր չլինելու և իրականությանն ադեկվատ արձագանքի մեջ է»։ Ակադեմիկոս Լիխաչով, դուք միանգամայն իրավացի եք:

Ժամանակին, երբ Մանվել Գրիգորյանին բռնեցին զինվորի հացը գողանալու մեջ, ես ԱԺ ամբիոնից ասացի, որ Մանվել Գրիգորյանը միայն մեկ տարբերակ ունի սպայի իր պատիվը փրկելու համար, ուստի իր խցում մի ատրճանակ դրեք:

Մինչ երեկ ես Արմեն Սարգսյանին խորհուրդ կտայի անհապաղ հրաժարական տալ ու փորձել փրկել Բրիտանական աստղագիտական ընկերության անդամի իր համբավը:

Երեկ, ժամը 12 անց 47 րոպեին Արմեն Սարգսյան գործիչը, հայը, լավ կրթություն ստացած մարդը ինքնաոչնչացվեց: Արմեն Սարգսյանի մասին այլևս ոչ մի բառ: Ես բարեկիրթ մարդ եմ ու ինձ համար կա հայտնի ոսկե կանոնը` հանգուցյալների մասին կամ լավ, կամ ոչինչ:

Երեկ ժամը 12 անց 47 րոպեին հայ ժողովրդի մի մեծ հատված վերջին հրաժեշտը տվեց նախագահ Արմեն Սարգսյանին:
Հուսանք, որ բիզնեմեն և ֆիզիկոս Արմեն Սարգսյանի ճակատագիրը շատ ավելի հաջողակ կլինի»:

Հրաժեշտ նախագահին Արմեն Սարգսյանին առաջին անգամ հանդիպել եմ Լոնդոնում: Տպավորությունս դրական էր. կիրթ, գիրք կարդացած…

Gepostet von Naira Zohrabyan am Mittwoch, 24. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս