«Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո ՍԴ կմուտքագրվի այս բոլոր խնդիրները հակասահմանադրական ճանաչելու դիմում». Էդմոն Մարուքյան
«Արդեն գիտեք, որ երկուշաբթի ԱԺ-ն 1,5 ժամվա ընթացքում փոփոխություն արեց Սահմանադրության մեջ, այնուհետև Սահմանադրությունը խախտելով՝ այն չուղարկեց Սահմանադրական դատարան կարծիքի համար, հետո կրկին շատ արագ ընդունեց նաև երկրորդ ընթերցմամբ և սահմանադրական փոփոխություն արեց: Նաև նախագահին զրկեց սահմանադրական փոփոխությունների օրինագիծը ստորագրելու իրավունքից»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանը նաև հավելեց, որ իշխանության կողմնակիցները պնդում են, որ իրենց քայլը պայմանավորված է քաղաքական շահագրգռվածությամբ, և այն կապված է ՍԴ-ում քննվող մեկ գործի հետ, որը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է:
«Մենք մինչ հիմա չենք արձագանքել այդ պնդմանը, որովհետև թողել ենք, որ իրավական գործընթացներն իրավական ճանապարհով առաջ գնան։ Այն օրը, երբ ԱԺ-ն քննարկում էր սահմանադրական փոփոխությունների հարցը, ՍԴ-ն աշխատանքային նիստ է արել և որոշում է ընդունել, որ Երկրորդ նախագահին առնչվող գործն իրենք կքննեն հուլիսի 7-ին, կասեցված գործը հանել են և նշանակել օր»,- շեշտեց նա:
Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ԼՀԿ-ն չի միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին, Մարուքյանը պատասխանեց.
«Ճիշտ եք հասկացել, մենք ՍԴ կդիմենք Երկրորդ նախագահի գործի քննությունից հետո և իրավական առումով տարբերություն չկա, թե մենք երբ դիմենք»։
Հաջորդ հարցին՝ տարբերություն կա՞ իրենց համար, թե ՍԴ-ն ում գործն է քննում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ կապ չէր ունենա, եթե հենց նույն օրը, որ օրը ԱԺ-ում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ՍԴ-ն արագ աշխատանքային նիստ չգումարեր։
«Վեճ չի եղել, եղել է հետևյալ մոտեցումը, որ մեր գործողությունը զուլալ մնա իրավական, այսինքն՝ որևէ ձևով չպետք է ծառայի ո՛չ ներկա, ո՛չ նախկին իշխանության շահերին։ Հետևաբար՝ որոշումն այս ձևով է ընդունված»,- եզրափակեց նա: