Գազի գնի բարձրացման պարագայում հոսանքի գները չեն բարձրանալու․ Հրանտ Թադևոսյան
«Ակնկալում ենք, որ օգոստոսի 1-ից պետք է սահմանվեն էլեկտրաէներգիայի վաճառքի գները, և ինչքան գիտեմ՝ չի բարձրանալու, իսկ դա նշանակում է, որ գազի գնի բարձրացման պարագայում հոսանքի գները չեն բարձրանալու։ Ենթադրում եմ, որ այդ պարագայում ՋԷԿ-երը կարող են վճարումներ իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:
Նա նշեց, որ գազի իրացման ծավալները Հայաստանում աճել են հատկապես անցած տարվանից, երբ ընդունվեց փայտի հետ կապված խստացման մոտեցում։
Խոսելով հին մագիստրալային խողովակների վերանորոգման մասին՝ «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն իր երախտագիտությունը հայտնեց Պաշտպանության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, ովքեր նպաստել են Վրաստանի կոլեգաների հետ այդ աշխատանքներն ավարտելուն։
«Ակնկալել ենք, որ կորստի նվազում և 6,69-ից իջավ 5,07։ Մնացածը արդեն, ամբողջ մեր համակարգում հին խողովակները, որոնք 60-70 տարվա են՝ նայենք, թե որ տեղամասերում ունենք այդ կորուստները, փոխենք և փորձենք նվազեցնել»,- նշեց Հրանտ Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է սահմանին գինը նվազեցնելուն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենն ասաց, որ դա ոչ միայն «Գազպրոմում», այլև Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԵս) շրջանակներում քննարկվող հարց է։
«Կարծում եմ՝ կորոշվի ընդհանուր մոտեցման բանաձևը բոլոր երկրներին վաճառվող գազի գնագոյացման կամ գնաձևավորման հետ։ Պետք է մեխանիզմ առաջանա, թե ինչպես պետք է գինը ձևավորվի։ Պարզ է, որ նույն գինը չի կարող լինել Հայաստանի, Բելառուսի և մյուս երկրների համար։ Ծախսային տարբեր հարցեր կան։ Մի տեղ կավելացվի, մի տեղ կնվազեցվի, բայց կհավասարեցվի մոտեցմամբ»,- ընդգծեց Հրանտ Թադևոսյանը:
Հավելենք, որ ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց՝ 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց՝ 139 դրամ:
139 դրամ կվճարեն նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչև 10 000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելին սպառելու դեպքում ավել սպառված գազի յուրաքանչյուր 1000 խմ-ն կարժենա արդեն 255.91դոլար: