«Ի՞նչ նպատակով է Հայաստանը միացել «Կրոնական ազատությունների միջազգային ալյանսին»». Անի Սամսոնյանը՝ Զոհրաբ Մնացականյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը ԱՄՆ Պետքարտուղարության «Կրոնական ազատության միջազգային ալյանս» հարթակից, որին միացել է բոլորովին վերջերս:

«ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական  աղբյուրից տեղեկացանք, որ Հայաստանն այս տարի հունիսի 12-ին միացել է Պետքարտուղարության  մի նախաձեռնության, որը կոչվում է «Կրոնական ազատության միջազգային ալյանս»: Օգտվելով առթից՝ ուզում եմ, որ մի փոքր տեղեկատվություն տաք այս հարթակի մասին, թե ի՞նչ առաքելություն ունի հարթակը, ի՞նչ խնդիր է լուծում, և ինչպիսի՞ն են այս ալյանսում համագործակցության պայմանները»,- հարցրեց Սամսոնյանը:

Նախարարը պատասխանեց, որ կրոնական ազատությունների մասին հարցը շատ կարևոր և առանցքային հարց է մեր ընդհանուր արտաքին քաղաքականության մեջ՝  մարդու իրավունքների կոնտեքստում, և այս առումով մենք աշխատում ենք բազմաթիվ գործընկերների հետ:

«Այս հարթակը, որը կազմակերպություն չէ, այլ միավորում է որոշ երկրների, որոնք միասին աշխատում են այս թեմայի շուրջ, յուրաքանչյուրը՝ իր նախաձեռնություններով, իր գերակայություններով: Մենք ունենք մեր գերակայությունները, կրոնական ազատությունների առումով՝ նաև թեման, որը առնչվում է խտրականության հետ, առնչվում է այն խոցելի խմբերից մեկին, որի իրավունքները չհարգելու պատճառով կարող են ի հայտ գալ իրավիճակներ, որոնք զանգվածային խախտումներ են և զանգվածային ոճրագործության հիմք կարող են լինել, գիտեք, որ ցեղասպանության կանխարգելման օրակարգը ևս մեզ համար չափազանց էական հարց է: Մենք մի ժողովուրդ ենք, որն ունի բավական մեծ փորձ ապրելու և աշխատելու, ապրելու և հարգելու կրոններ, միասին ապրելու տարբեր հասարակություններում, որտեղ կան ներկայացված տարբեր կրոններ, մենք ունենք մեր փոքրամասնությունները, մենք ունենք մեր սփյուռքը, ունենք առավել զգայունություն կրոնական փոքրամասնությունների հանդեպ Մերձավոր Արևելքում: Այս նախաձեռնությունը  հնարավորություն է տալիս աշխատել մեր բարեկամ երկրների հետ՝ առաջ տանելու ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնությունների պայմանների բարելավմանը, երկխոսության ամրապնդմանը: Առաջնորդվել ենք այն բանով, որ սա կարող է նպաստավոր լինել աշխատել մեր տարբեր գործընկերների հետ, որոնք ալյանսի անդամ են և ներկայացնում են այն հասարակությունները, այն երկրները, որտեղ մենք ունենք նման հետաքրքրություններ, քրիստոնեական փոքրամասնությունների և ոչ միայն քրիստոնեական փոքրամասնությունների կարողությունների ամրապնդման առումով»,- պատասխանեց Մնացականյանը:

Անի Սամսոնյանը մտահոգություն հայտնեց, որ այս ալյանսը կարող է հակաչինական հարթակ դառնալ՝ հաշվի առնելով պետքարտուղար Մայք Պոմպեոյի հակաչինական հայտարարությունները: Նախարարը շտապեց հանգստացնել, որ այս ալյանսի հետ համագործակցությունը չի ազդելու մեր այլ գործընկերային հարաբերությունների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս