Սեպտեմբերի 27-ի դրությամբ մթերվել է 48 հազար տոննա պտուղ-բանջարեղեն. փոխնախարար
Հանրապետությունում պտուղ-բանջարեղենի մթերումը, ըստ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի, «սահուն ու կազմակերպված է անցնում, եւ հիմնականում խնդիրներ չկան»:
Լրագրողների հետ հանդիպմանը Մակարյանը հայտարարել է, որ անցած տարվա համեմատ այս տարի մթերվող պտուղ-բանջարեղենի ծավալները զգալիորեն աճել են. – «Սեպտեմբերի 27-ի դրությամբ մթերվել է 48 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Անցած տարի նույն ժամանակահատվածում` 41 հազար տոննա»:
Արդեն մթերված բերքի դիմաց վճարումները, ըստ փոխնախարարի, հիմնականում կատարվում են տեղում կամ 7-10 բանկային օրվա ընթացքում. -«Իսկ այն գործարանները, որոնք խոշորածավալ մթերումներ են իրականացնում կամ ֆինանսական խնդիրներ ունեն, պայմանագրեր են կնքում` ժամանակացույցով մարում են: Ամեն դեպքում այդ բոլոր գործարանները գյուղացիների հանդեպ պարտավորությունները պետք է մարեն այս տարի` մինչեւ նոյեմբերի մեկը»:
Սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց ձեռնարկություններին խաղողը մթերել 1 կիլոգրամը առնվազն 140 դրամով:
Մինչդեռ այսօր գյուղատնտեսության փոխնախարարը ասաց, որ, օրինակ, Տավուշի մարզում խաղողը մթերվում է 130 դրամով. – «Անցած տարի նվազագույն գինը 130 դրամ էր Արարատյան դաշտավայրում եւ 120 դրամ Տավուշում: Այս տարի` 140 դրամ Արարատյան դաշտավայրում եւ 130` Տավուշի մարզում»: