Կարեն Խաչիկյանին ազատազրկելն ապօրինի որոշում կլինի

Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի փաստաբան ժորա Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է Կ. Խաչիկյանի դեմ հարուցված քրգործի բողոքարկման դիմումը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Ախթալայում  Կ. Խաչիկյանի և Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիչյանի` Բողոլի  միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի արդյունքում օգոստոսի 31-ին Կ. Խաչիկյանը ձերբակալվել էր:

Գործի շրջանակներում կա նաև մեկ այլ կալանավորված՝ Էդգար Հախվերդյանը: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել էր քրեական գործ:  Հիշեցնենք նաև, որ Ա. Չիչյանը հետախուզման մեջ է:

168.am-ի հարցին, թե ի՞նչն է հիմք հանդիսացել բողոքարկման դիմումը մերժելուն, Կ. Խաչիկյանի փաստաբան  Ժ. Վարոսյանը պատասխանեց. «Հիմնավորումները չեն ներկայացրել: Հնգօրյա ժամկետում որոշումը մեզ կտրամադրեն: Ընդամենը եզրափակիչ մասն են հրապարակել, ասել են, որ մերժում է բողոքը: Մտածում եմ, որ դատարանների կամայականություններն այդ առումով չափ ու սահման չունեն, երևի թե ժամանակն է, որ Ազգային ժողովը խափանման բոլոր միջոցները վերացնի, թողնի մենակ կալանքը, այլապես մասնավոր գանգատի գործով և կողմերի հաշտության տեսքով  պիտի կարճվի գործի վարույթը, դատարանն էլ միջնորդությունը բավարարում է, կալանավորում է, գրավ էլ չի կիրառում` էլ ի՞նչ դիրքորոշում»:

Ժ. Վարոսյանի խոսքով` ինքը դժվարանում է ասել, թե տվյալ քրգործի հետևանքով կազատազրկվի՞  Կ. Խաչիկյանը, թե՞ ոչ: «Եթե դատարանն ազատազրկում սահմանի նրա նկատմամբ, ուրեմն` դա ակնհայտ ապօրինի և անօրինական որոշում կլինի: Մարդը նախկինում չի արատավորվել, բնութագրվում է դրական, երիտասարդ, ավագանու անդամ, արդեն ընտրվել է ավագանու անդամ, ու եթե այդ պայմաններում դատարանն  ազատազրկում սահմանի նրա նկատմամբ դատավճռով, դա արդեն որակվում է հայկական դատական ատյանի վերջին հայտնագործությունը»,- նշեց Կ. Խաչիկյանի փաստաբանը:

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է նաև Կարեն Խաչիկյանի եղբայրը` Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս