Բաժիններ՝

Վրաստանում հանգիստն անհամեմատ մատչելի է

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը երեկ զարմանալի հայտարարություն է արել. Հայաստանում հանգիստը թանկ չէ՝ Վրաստանի համեմատ: Ավելին, ըստ փոխնախարարի, Հայաստանում գները ոչ միայն բարձր  չեն, այլև 30 տոկոսով ցածր են Վրաստանի գներից: «Եթե մենք համեմատենք հյուրանոցային որակները, ապա կհամոզվենք, որ Հայաստանում գները բարձր չեն: Այլ հարց է այն, որ ինչ-որ մեկը ծովը նախընտրում է Սևանից, Ջերմուկից: Ծովը ծով է, իսկ հայերը միշտ սիրել են հանգստանալ Սև ծովի ափին»,- ասել է Ա. Պետրոսյանը:

Փոխնախարարի տեսակետի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով 168.am-ը զրուցեց հայաստանյան մի շարք տուրիստական գործակալությունների հետ։

«Ալֆա Էլ» տուրիստական գործակալությունից մեզ պատասխանեցին, որ  դեպի Վրաստան ուղղությունների գներն անհամեմատ մատչելի են։ Գործակալության աշխատակիցը նշեց, որ թեպետ այս տարի Վրաստանն իրենց հիմնական ուղղությունը չի եղել, սակայն. «նախորդ տարվա գները համեմատելով՝ կարող եմ ասել, որ տարածաշրջանային հյուրանոցները և հանգստյան տները Հայաստանից անհամեմատ էժան են: Նույն որակի հյուրանոցները Հայաստանում ավելի թանկ են, քան Վրաստանում»։ «Իհարկե, պետք է նշեմ, որ Վրաստանում նույնպես կան 5-աստղանի ճոխ հյուրանոցներ, որոնք գնային առումով տարբերվում են և շատ ավելի թանկ են, քան մեր հինգաստղանի հյուրանոցները: Սակայն միջին մակարդակի 3, 4-աստղանի հյուրանոցները կամ անգամ վարձով բնակարանները Վրաստանում, իհարկե, ավելի մատչելի են: Պետք է հիշել նաև այն, որ Վրաստանում կա ծով, հրաշալի բնակլիմայական պայմաններ, որոնց ձգտում են հայերը: Այնտեղ ծովի օդը շնչելը ավելի էժան է, քան Ծաղկաձորում՝ բաց անտառների և սարի օդը»,- ասաց ընկերության աշխատակցուհին։

«Նորդ Օստ» գործակալության ներկայացուցչի խոսքերով, և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում գները մատչելի չեն: Սակայն, միևնույն ժամանակ, նա հավելեց, որ «հայերը սովոր են Վրաստանում ոչ թե հյուրանոցում հանգստանալուն, այլ վարձով բնակարաններում: Հենց դա էլ կարող է լինել անհամեմատ ավելի մատչելի: Այդ իմաստով Վրաստանն ավելի էժան է, քան Հայաստանը: Սակայն Վրաստանում 4-5-աստղանի հյուրանոցում հանգստանալու համար երկու անձը կարող է վճարել մոտ 1400 դոլար»:

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում հանգիստն ավելի մատչելի է, քան Վրաստանում, «Ավանտ Տուր» գործակալության աշխատակցուհին պատասխանեց. «Վրաստանում հանգստանալու համար 3-աստղանի հյուրանոցում երկու անձը պետք է վճարեն 20000-22000 դրամի կարգի գումար՝ ներառյալ սնունդը, սակայն՝ առանց ճանապարհածախսի: Ինչ վերաբերում է Հայաստանում նույն մակարդակի հյուրանոցում հանգստի գներին, ապա կարող եմ ասել, որ Հայաստանում կան և՛ թանկ, և՛ էժան հյուրանոցներ, սակայն, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում հյուրանոցների գները հիմնականում ներառում են միայն նախաճաշ, բայց այն, որ Վրաստանում ավելի մատչելի է՝ դա փաստ է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս