Միջնորդությունը ներկայացվում է, որ ԲՀԿ-ն իր այլընտրանքային դիրքից ընտրի՝ կա՛մ կարմիր, կա՛մ սպիտակ դաշտերից մեկը
«Վստահ եմ, որ պարոն Օսկանյանի նման մարդը «փող չէր լվանա»: Ես դժվար եմ սա պատկերացնում»,- 168.am-ի հետ զույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացրած միջնորդությանը:
«Իրավական գործընթացից սա կերևա. չէ՞որ արդեն կբացահայտվի՝ ի՞նչ է կատարվել: Չի կարող, չէ՞, գլխավոր դատախազը գալ խորհրդարան ու ասել. «Բարև Ձեզ, հանե՛ք անձեռնմխելիությունը»: Նա պետք է փաստեր ներկայացնի, չէ՞: Դրա համար խորհուրդ կտամ, քանի որ քիչ ժամանակ է մնացել` փոքր-ինչ սպասել: Հաջորդ շաբաթ, ըստ իս, ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց Ա. Կարապետյանը:
Նրա համոզմամբ, միջնորդությունը ներկայացվում է նրա համար, որ ԲՀԿ-ն իր այլընտրանքային դիրքից ընտրի՝ կա՛մ կարմիր, կա՛մ սպիտակ դաշտերից մեկը: «Հիմնական գործընթացները, որ հիմա կգնան ԲՀԿ-ի մասով, վերջիվերջո, նրա համար են, որ հասկանան՝ ընդդիմությո՞ւն են, թե՞ դիմություն: Սա գլխավոր ինտրիգն է, որ հիմա Սերժ Սարգսյանը փորձում է ճշտել»:
Նաև հավելեց. «Հետաքրքիր է նաև հասկանալ, թե ինչո՞ւ է այս ամենը հիմա արվում: Պարզ է, որ առջևում նախագահական ընտրություններն են, բայց սա միայն մակերեսային կողմն է: Կարծում եմ, որ ամենակարևոր խնդիրն այս ամենը հիմա իրականացնելու՝ այն է, որ Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ միակը, ով կարող է պատժել ապարատին: Այս ամենն ակտիվացավ, երբ ԲՀԿ-ն փորձեց լուրջ հանդիմանություններ ներկայացնել իշխանության նկատմամբ, մասնավորապես՝ վարչապետի: Որևէ մեկն, ով հարձակում կգործի ապարատի վրա, անպայմանորեն պատասխան կստանա: Սա է Սերժ Սարգսյանի ամենակարևոր խնդիրը: Եթե ապարատն էլ փլվեց մինչև վերջ, նախագահը վերընտրվելու հնարավորություն չի ունենա»:
Մեր հարցին, թե Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով՝ ԲՀԿ-ն կհաստատվի՞ ընդդիմադիր դաշտում, Արամ Կարապետյանը դժվարացավ պատասխանել, քանի որ ինքը չի կարող ենթադրել, թե վերջնակետում ի՞նչ որոշում կընդունի ԲՀԿ առաջնորդը:
«Այն, որ Վարդան Օսկանյանն այս պահին ընթացող պայքարի զոհն է, դրանում չեմ կասկածում: Դատելով ԲՀԿ-ականների վերջին հայտարարություններից, ամենայն հավանականությամբ` այս պայքարը դեռ կընթանա, ամեն ինչ հեշտ չի լուծվի: Առաջ կգան քրեական նոր գործեր` ԲՀԿ-ի նախկին նախարարների, անդամների հետ կապված: ԲՀԿ-ն դեմ գնաց ապարատին ու ստացավ իր պատասխանը: Քանի սեփական էին, ձեռք չէին տալիս, հենց ընդդիմադիր են դառնում՝ ձերբակալում են»,- շեշտեց Արամ Կարապետյանը` հավելելով, թե ՀՀ իշխանությունների գործելաոճը նմանվում է դիկտատոր Ֆրանկոյի կատարած արտահայտություններից մեկին՝ «ընկերներիս` ամեն ինչ, թշնամիներիս՝ օրենք»: