«2011 թ.-ից մինչև Սաֆարովի արտահանձնումը ՀՀ-ն Հունգարիայում դեսպան չի՞ ունեցել» հարցը հունից հանել է Քոչարյանին
Ազգային ժողովում ԱԳՆ նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է, թե արդյո՞ք, ՀՀ-ն նախորդ տարի Հունգարիայում ունեցել է դեսպան` նախկին դեսպան Աշոտ Հովակիմյանի ՀՀ փոխարտգործնախարար նշանակվելուց հետո:
Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ համաձայն դիվանագիտական կարգի, Վիեննայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը միաժամանակ համատեղել է Հունգարիայի դեսպանի պարտականությունները, սակայն, այն ժամանակ, երբ նա պետք է հավատարմագրերը հանձներ Հունգարիայի կառավարությանը, տեղի է ունեցել հայտնի իրադարձությունը` Սաֆարովի արտահանձնումը Բաքվի իշխանություններին:
Նիկոլ Փաշինյանը կրկին հարց է ուղղել՝ ասվածից կարելի՞ է եզրակացնել, որ մենք մոտ մեկ տարի Հունգարիայում դեսպան չենք ունեցել, ինչը նյարդայնացրել է Շավարշ Քոչարյանին, որն ասել է.«Նախորդ տարվա ընթացքում ներկայացվել է դեսպանի թեկնածությունը, եղել է որոշակի գործընթաց, հավատարմագրերի հանձնում, դա եղել է ամռանը, բայց հանգամանքը, որ դեսպան դեռ չի նշանակվել՝ դա դեռ չի նշանակում, որ Հունգարիան դեսպանությունը որպես տարածք չի համարում և որ աշխատանքներ չի տարվում»:
Սակայն Նիկոլ Փաշինյանը դարձյալ պնդել է, որ մենք դեսպան չենք ունեցել, իսկ Շավարշ Քոչարյանն ավելի նյարդայնացած նկատել է, թե այդ գործընթացը չի ենթադրում, որ անմիջապես մյուս օրն իսկ ասում են՝ «OK», այսինքն՝ եղել է Հունգարիայում ՀՀ դեսպանի գործունեության «բնական ընդհատում»:
Նիկոլ Փաշինյանը նաև հարցրել է, թե ՀՀ արտգործնախարարությունը մշտապես հերքում է, սակայն թուրքական լրատվամիջոցները մշտապես հաղորդում են, որ Շվեյցարիայում հայ-թուրքական օրակարգով հանդիպումներ են անցկացվում:
Ի պատասխան, Շավարշ Քոչարյանը նկատել է, որ ՀՀ արտգործնախարարությունը ոչ թե չի հաստատում, այլ կտրականապես հերքում է նման հանդիպումները. «Եվ մեր մամուլը շարունակում է հղում անել թուրքական լրատվամիջոցներին` գիտակցելով, որ դրանով օգնում է Թուրքիային՝ մի քիչ թեթևացնելու իր բեռը»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Ի դեպ, վերջինս շտապելիս է եղել, իր տեղեկացմամբ՝ ուշանում էր ինքնաթիռից, քանի որ պատրաստվում էր մեկնել Յալթա: Հետևապես, խնդրել է ավելի քիչ հարցեր ուղղել:
Քննարկմանը ներկա չի եղել ՀՀ ԱԳ նախարարը, ում բացակայությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն առաջարկել է համարել հարգելի, քանի որ Էդվարդ Նալբանդյանն այժմ գտնվում է ՄԱԿ-ում:
Նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել լրագրողների համար հատուկ հայտարարությամբ:
«Քանի որ պարոն Քոչարյանը ընթացքում հավասարակշռությունը կորցնելու եզրին էր, ես այսուամենայնիվ, չցանկացա, բայց եկեք անենք եզրակացություն: Ես ճշտեցի, որ 2011 թվականից մինչև Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը ՀՀ-ն Հունգարիայում դեսպան չի ունեցել: Շատ կարևոր է այս փաստի արձանագրումը»,– ասել է նա:
«Իմանալով, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի հասնի Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը, ՀՀ արտգործնախարարությունը թույլ է տվել, որ հոկտեմբերից մինչև այս տարվա օգոստոսը՝ նրան ազատելու պահը, ՀՀ –ն Հունգարիայում դեսպան չունենա: Եվ հետո թող մեր արտաքին գործերի նախարարությունը աղիողորմ հայտարարություններ չանի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Շ.Քոչարյանի նյարդային վիճակը պայմանավորված էր հե՛նց այս փաստի բացահայտումով, այլ ոչ ինքնաթիռից ուշանալով: