«Կարծում եմ` Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանա 5-6 տոկոսով հեռանալ քաղաքականությունից»

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանն այսօրվա ասուլիսում` անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, ասաց, թե մեզ մոտ ընտրությունները վերածվել են քվեարկության մեխանիզմի, և մեր երկրում ամենուր գոյություն ունի մենաշնորհ` քաղաքականության, տնտեսության մեջ և այլն:

«Ես ինքս վերջին ընտրությունների ժամանակ գտնվում էի Դիլիջանում, և պետք է ասել հետևյալը. ընտրություններն արդեն բավական հղկված մեխանիզմով վերածվել են քվեարկության մեխանիզմի: Ըստ էության այն, ինչը պետք է կոչվի ընտրություն, Հայաստանում չկա: Ընտրություններն ընթանում են հետևյալ սխեմայով. «մեր ախպոր ախպերն ա, ընտրենք, որ լավ լինի»»,- ասաց Ս. Սաֆարյանը` նկատելով, թե ոչ թեկնածու իր քարոզարշավի ընթացքում այլևս չի խոսում քաղաքի զարգացման մասին:

Անդրադառնալով առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններին, Ս. Սաֆարյանն ասաց, թե արդեն մեկ տարուց ավելի է` հայտնի է, թե ով է լինելու իշխանության թեկնածուն, բայց հիմնական ինտրիգը մնում է այն, թե ով կլինի ընդդիմադիր դաշտի թեկնածուն: «Այդ կապակցությամբ որոշակի հստակություն մտցրեց «Ժառանգությունը», երբ մեր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իսկ հայտարարեց իր առաջադրվելու մտադրութան մասին»,- նշեց նա:

Ըստ նրա` քաղաքական դաշտում ինտրիգներից մեկը շարունակում է մնալ ԲՀԿ-ի որոշումը` ո՞ւմ կառաջադրի կամ ընդանրապես ո՞ւմ կպաշտպանի:

Կարդացեք նաև

Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Ս. Սաֆարյանը հայտարարեց, որ քիչ է հավատում  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը: «Այս տարիների ընթացքում, փորձելով ճանաչել իր կերպարը, չեմ կարծում, որ նա կնախընտրի քաղաքական դաշտից հեռանալ 5-6 տոկոսով, այն դեպքում, երբ նա քաղաքական դաշտ մուտք է գործել ֆուրորով»,- ասաց «Ժառանգության» անդամ Ս.Սաֆարյանը:

Իսկ հարցին, թե Դաշնակցության մասին ի՞նչ կարծիք ունի, Ս. Սաֆարյանն ասաց, թե ՀՅԴ-ն  լավագույն դեպքում կարող է ունենալ սեփական թեկնածու, սակայն նա կասկածում է, որ այս անգամ դա լինի Վահան Հովհաննիսյանը: «Միգուցե թեկնածուի անձը փոխվի, բայց արդյունքների փոփոխության առումով շատ մեծ սպասումներ չունեմ: Եվ ես ցանկալի կհամարեի, որ ՀՅԴ-ն նույնպես պաշտպաներ Րաֆֆի Հովհաննիսյանին»:

 

Տեսանյութեր

Լրահոս