«Ուժային կառույցների հետ կապված՝ այս պահի դրությամբ որևէ կոնկրետ որոշում չկա». Վահրամ Պողոսյան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական խորհրդակցությունների շրջանակում արդեն հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի, ԱՀ արտաքին գործերի նախարար և նախագահական ընտրրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ, ինչպես նաև Արցախի նոր խորհրդարան անցած երեք  ուժերի հետ` ԱԺԿ, ՀՅԴ, «Միասնական հայրենիք»:

168.am-ը Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանից փորձեց պարզել` արդյոք պատրաստվո՞ւմ են հանդիպել նաև Վիտալի Բալասանյանի հետ, որի ղեկավարած ուժը` «Արդարություն» կուսակցությունը, ևս լինելու է Արցախի նոր խորհրդարանում:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Վահրամ Պողոսյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններում հաղթած երեք ուժերի հետ եղել է կառուցողական հանդիպում` ԱԺԿ, ՀՅԴ, «Միասնական հայրենիք», սակայն Վիտալի Բալասանյանի և նրա ղեկավարած «Արդարություն» կուսակցության հետ հանդիպում նախատեսված չէ:

«Այն օրակարգը, որը մենք հայտարարեցինք, որն Արայիկ Հարությունյանը հայտարարեց ընտրությունների հաջորդ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերը հիմնականում բոլորն արձագանքեցին` բացի «Արդարություն» կուսակցությունից, այդ իսկ պատճառով նպատակահարմար չենք գտնում հանդիպում այս կուսակցության հետ, բայց սա չի նշանակում, որ էջը փակված է: Մենք շարունակում ենք կառուցողական քննարկումների առումով բաց մնալ, և եթե հաջորդիվ կլինի ցանկություն, նախաձեռնություն, պատրաստակամություն, մենք անպայման կհանդիպենք նաև  «Արդարություն» կուսակցության հետ»,- շեշտեց Արայիկ Հարությունյանի խոսնակը:

Հարցին` կադրային կամ նախարարական պաշտոնները զբաղեցնողների շրջանում ի՞նչ փոփոխություններ են հնարավոր Արայիկ Հարությունյանի` Արցախի նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո, Վահրամ Պողոսյանը պատասխանեց, որ ընթացող քաղաքական քննարկումներն ազդելու են նաև կադրային քաղաքականության հետագա որոշումների վրա, ինչը, ըստ նրա, բնական երևույթ է:

«Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Եվ այդ քննարկումները ենթադրում են ևս մեկ փուլ. արտախորհրդարանական ուժերի հետ, փաստորեն, դեռ չենք սկսել հանդիպումները, իսկ խորհրդարանական ուժերի հետ երկրորդ փուլ է սպասվում հանդիպումների, և դրանց արդյունքում էլ արդեն, կարծում եմ, կադրերի նշանակման հետ կապված վերջնական որոշումները կլինեն:

Իսկ քաղաքականության տեսակետից, ընդհանուր առմամբ, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է լինելու, Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել է` բոլոր կադրերը պետք է լինեն հանրային մեծ հարգանք և հեղինակություն վայելող մարդիկ: Այսինքն` եթե տարիներ առաջ շեշտադրումը հիմնականում արհեստավարժության վրա էր դրվում, ապա այսօր արհեստավարժության հետ մեկտեղ՝ տվյալ անձը պետք է հանրային հարգանք վայելի, վստահություն,  որովհետև առանց մեկը մյուսի՝ հնարավոր չէ արդյունավետ կառավարում իրականացնել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, որ Արցախը գտնվում է պատերազմական իրավիճակում, ուստի ուժային կառույցների դեպքում փոփոխությունները պիտի զգույշ և անցնցում արվեն, հատկապես, երբ գործող ղեկավարները, մեծ հաշվով, հարգանք վայելող անձինք են,  Արայիկ Հարությունյանի խոսնակը կրկնեց` բոլոր կառույցների ղեկավարներն էլ պիտի հարգանք վայելեն, ինչը սկզբունքային հարց է, այնուհետ շարունակեց.

«Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, ապա դրանց հետ կապված՝ այս պահի դրությամբ որևէ կոնկրետ որոշում չկա, կգա ժամանակը` կլինեն որոշումները: Եվ եթե լինեն փոփոխություններ, ապա միանշանակ այն սկզբունքով, որի մասին խոսեցի: Եկեք նաև մի բան հաշվի առնենք` չկան անփոխարինելի մարդիկ, կադրեր, կարևորը, որ այդ կադրերը համապատասխանեն իրենց զբաղեցրած պաշտոնին և իրենց կառույցում հարգանք, վստահություն ունենան»:

Տեսանյութեր

Լրահոս