«Այսօր երկիրը մտնում է խորը ճգնաժամի մեջ, և այդ պայմաններում անհրաժեշտ են արագ գործող ու մտածող ադեկվատ մարդիկ». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ առաջիկա 10 օրերի ընթացքում աստիճանաբար հանվելու են սահմանափակումները, նշեց, որ այժմ առողջապահական համակարգը գիտի, թե ինչ է կորոնավիրուսը, և դրա դեմ պայքարի ձևերը, ուստի ժամանակին էր պետք ամեն ինչ փակել: Նա համաձայն չէ իշխանության այն պնդումների հետ, թե՝ ամեն ինչ իրենք արել են ժամանակին և հասցեական:

«Երբ ժամանակին ուզում էին երկարաձգել արտակարգ դրությունը, մենք ասում էինք, որ իմաստ չկա, սխալ են անում: Դպրոց, բուհ և մանկապարտեզ կարող են փակ պահել, բայց տնտեսությունը չեն կարող փակ պահել, հիմա ավելի շատ վնասներ ենք կրում: Հիմա սոցիալական հեռավորությամբ, հիգենիային հետևելով և բոլոր կանոնները պահելով՝ պետք է բացենք, դրան այլընտրանք չկա»,- նշեց Է. Մարուքյանը:

Նա չցանկացավ անդրադառնալ հարցին, թե հեղափոխությունից իր սպասելիքները որքանով են արդարացել՝ նշելով, որ այս պահին դրա մասին չի մտածում, ավելի շատ մտածում է այն երեխաների մասին, որոնց գազն ու լույսն անջատել են, այն մարդկանց մասին, որոնք տանը մրսում են և գազ չունեն.

«Պարզ է, որ այսօր երկիրը մտնում է խորը ճգնաժամի մեջ, և այդ պայմաններում մեզ անհրաժեշտ են արագ գործող ու մտածող ադեկվատ մարդիկ: Եթե ունենանք նման մարդիկ, ապա ճգնաժամից ավելի հեշտ դուրս կգանք, հակառակ պարագայում մենք կլսենցք բազմաթիվ ելույթներ, խոսք և ոչ մի գործ, ու մարդիկ կմատնվեն սովի»,- եզրափակեց Է. Մարուքյանը:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ, եթե արտառոց որևէ բան չպատահի, ապա առաջիկա տասն օրերի ընթացքում կլինեն սահմանափակումների չեղարկումներ:

Տեսանյութեր

Լրահոս