«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է 27 ՀՀ քաղաքացի
«Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է 27 ՀՀ քաղաքացի։ Նրանք չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու շուրջ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։
«Միևնույն ժամանակ դեսպանությունը քաղաքացիներին տեղեկացրել է հնարավոր չվերթի սպասողների համար համապատասխան կարգով ցուցակագրում անցնելու անհրաժեշտության մասին` խնդրելով հարգել դեսպանությունում արդեն իսկ ցուցակագրված այն քաղաքացիներին, ովքեր, դրսևորելով համբերատարություն, սպասում են հնարավոր առաջիկա չվերթով Հայաստան վերադառնալու իրենց հերթին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է նաև, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ օդանավակայանում գտնվող, չի կարող օգտվել Հայաստան մեկնելու հնարավորությունից՝ խախտելով արդեն իսկ հրապարակված ցուցակների հերթականությունը։
«Մոսկվայից դեպի Երևան հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես լրացուցիչ կհայտնենք»,- ասված է հաղորդագրության մեջ։