«Թեկնածուական սպասասրահ»

Նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը 5 ամիս, սակայն քաղաքական գոնե հիմնական ուժերը դեռևս չեն շտապում հայտարարել իրենց մասնակցության ձևաչափի, սեփական թեկնածու առաջադրելու կամ մեկ այլ թեկնածուի սատարելու մասին: Այս պահին հայտնի է միայն, որ առաջադրվելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Քաղաքական դաշտի մնացած ուժերը, ինչպես ընդունված է ասել, առայժմ «տյոմնի են խաղում»: Խոսքը ոչ թե մանր կուսակցությունների ու բոլոր ընտրություններում առաջադրվող «հերթապահ» թեկնածուների մասին է, այլ առնվազն խորհրդարանական խմբակցություններ ունեցողների, ովքեր ավելի կամ պակաս չափով ներգրավված են «խաղում»:

Իրեն ամենաարմատական ընդդիմություն համարող Հայ ազգային կոնգրեսը չի շտապում հայտարարել ընտրություններում իր մասնակցության մասին: Դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս չի որոշել` առաջադրե՞լ թեկնածությունը, թե՞ ոչ: Չառաջադրվելու դեպքում էլ հնարավոր են այլ թեկնածուներ, բայց դրա մասին ևս ՀԱԿ-ում գերադասում են չխոսել:

Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը` ի հեճուկս շատերի սպասումների, սեպտեմբերի 21-ին ունեցած ելույթում ընդհանրապես չանդրադարձավ առաջիկա նախագահական ընտրություններին:
Իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստանը» ևս այդ հարցում դեռևս չի շտապում հստակ դիրքորոշում հայտնել` սպասելով «հաջորդ դասին»: ԲՀԿ-ի դեպքում ևս մի քանի տարբերակներ կան` սկսած Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի կամ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումից՝ մինչև Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու հնարավորությունը:

Սակայն ԲՀԿ-ականներն ամեն օր հայտարարում են, որ դեռևս անգամ չեն քննարկել նախագահական ընտրություններում մասնակցության հարցը: Իհարկե, դա ծիծաղելի է այն առումով, որ խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող ուժն ընտրություններից ընդամենը 5 ամիս առաջ նույնիսկ «չի քննարկել» այդ հարցը: Իսկ ե՞րբ է քննարկելու` թեկնածությունների առաջադրման նախօրեի՞ն:

Դաշնակցությունում ավելի անորոշ վիճակ է` պայմանավորված նաև ԲՀԿ-ի դիրքորոշման բացակայությամբ: ՀՅԴ-ականներն անվերջ խոսում են միասնական թեկնածուի չափանիշների մասին, սակայն գոնե մոտավոր անուն չեն տալիս:

«Ժառանգությունը» նախագահական ընտրությունների վերաբերյալ, բնականաբար, իրեն պահում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանգույն: Վերջինս ընդամենը հայտարարել է, որ առաջիկա 100 օրը նվիրելու է նախագահի «քաղաքացիական թեկնածուի» կերտմանը: Ի դեպ, 100 օրում պարոն Հովհաննիսյանի հանրահռչակ բեղերը կարող են բավականաչափ աճել` դառնալով հինավուրց Հայաստանի քաղաքացիականության անփոխարինելի խորհրդանիշը:

Իրականում քաղաքական ուժերի այս պահվածքը, մեղմ ասած, տարօրինակ է, նույնիսկ անհեթեթ: Այն առումով, որ նրանք բոլորն իրենց ներկայացնում են որպես «ազգափրկիչ», «ժողովրդի դարդ ու ցավով» ապրող ուժեր: Նրանք բոլորը, իրենց համոզմամբ, գիտեն երկիրն այս վիճակից դուրս բերելու ճանապարհները, ունեն զարգացման ու բարգավաճման զանազան ծրագրեր ու ռազմավարություններ: Այդ դեպքում, նրանք նախագահական ընտրություններից ոչ թե 5, այլ 15 ամիս առաջ պետք է հայտարարեին դրանց մասնակցելու հաստատուն մտադրության մասին` անկախ քաղաքական վերադասավորումներից ու զարգացումներից: Սակայն նախագահական ընտրություններից առաջ բոլոր ուժերը խորապես մխրճվել են քաղաքական կոնյունկտուրայի մեջ` վերջնականապես կտրվելով հասարակությունից:

Այսօր Հայաստանում քաղաքական կոնյունկտուրան գրեթե ամբողջությամբ ձևավորում և վերահսկում է իշխանությունը: Եվ երբ նախագահական ընտրություններում իրենց մասնակցությունը քաղաքական ուժերը պայմանավորում են այդ կոնյունկտուրայով, նրանք դառնում են դրա մի մասնիկը և ընդամենն ապահովում հետընտրական կոնյունկտուրայում տեղավորվելու իրենց հնարավորությունը:

Այդ դեպքում հասարակական կարծիքն արդեն երկրորդական է դառնում, և ոչ իշխանական ուժերն էլ դրան վերաբերվում են այնպես, ինչպես իշխանությունները: Ու տպավորություն է ստեղծվում, որ դեռևս իրենց մասնակցության հարցում չկողմնորոշվող ուժերն ու թեկնածուներն ընդամենը սպասում են իշխանության որոշմանը` իրենց մասնակցության ձևի ու բովանդակության մասով:

 

Տեսանյութեր

Լրահոս