Արման Բաբաջանյանն իշխանությանը կոչ է անում լրջորեն մտածել ԵԱՏՄ-ին մեր անդամակցության մասին
Թեև ամբողջ աշխարհում նավթի և գազի գները գահավիժում են, սակայն մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այս համավարակի ժամանակ որոշել է չհրաժարվել գազի թանկացումից, իսկ ակնհայտ է, որ այդ թանկացումն ազդելու է տնտեսության բոլոր ճյուղերի վրա՝ հանգեցնելով գնաճի:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ ՌԴ-ն իր այս քայլով, փաստորեն, չի աջակցում իր ռազմավարական գործընկերոջն ու ԵԱՏՄ անդամ Հայաստանին:
«Նախօրեին էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ըստ էության, խոստովանեց, որ գազի գնի թանկացումը ՌԴ-ի կողմից պատասխան քայլ է ՀՀ-ում օրինականության հաստատմանն ուղղված գործընթացներին: ՀՀ-ին մատակարարվող գազի գինը ՌԴ-ի կողմից որպես մահակ օգտագործելն արդյունք է ՀՀ նախկին իշխանությունների կողմից կնքված գազային խայտառակ համաձայնագրի և ՀՀ ներքին գազաբաշխման համակարգն ամբողջությամբ «Գազպրոմին» հանձնելու հանցավոր որոշման:
Հասկանալի է, որ դրանք միանգամից չեղարկելը կամ վերանայելը չափազանց բարդ է, բայց մենք՝ որպես Ազգային ժողով, և ՀՀ իշխանությունը պետք է մտածենք ՀՀ տնտեսությանն ու սպառողին ամեն օր վնաս հասցնող գազային այդ խայտառակ համաձայնագրի մասին:
Պետք է մտածենք ոչ միայն Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների տիրույթում, այլ նաև ԵԱՏՄ մեր անդամակցության համատեքստում: Մենք շարունակում ենք անդամակցել մի միության, որի հիմնական շահառուն՝ Ռուսաստանը, նաև տնտեսական հարցերում մեր նկատմամբ դրսևորում է ոչ գործընկերային և ոչ դաշնակցային մոտեցում, հետևաբար՝ պետք է լրջորեն մտածենք մեր հետագա քայլերի մասին»,- ասաց Բաբաջանյանը: