Չեմ կարծում, որ վարչապետի մամուլի խոսնակը պետք է բացատրություն տա. Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համոզմամբ՝ վարչապետի մամուլի խոսնակը չպետք է որևէ բացատրություն տա իր ղեկավարի ուղիղ եթերից արտահոսած կադրերի համար:
«Հնչում են կարծիքներ, որ վարչապետի մամուլի խոսնակն է կրում նաև պատասխանատվություն, և առաջինը հենց նա պետք է բացատրություններ տա: Ես այդ տեսակետը չեմ կիսում, որովհետև նա ունի պարտականությունների հստակ ցանկ, որի մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը. Դա անում է այն անձնակազմը, որը ապահովում է եթերը: Յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատակից ունի իր պատասխանատվության եզրը, և այդ մասով էլ կրում է պատասխանատվություն: 15-20 րոպե հեռարձակում է տեղի ունեցել, և եթե անգամ ընդունենք, որ ասվել է, թե տեսագրություն է գնում, բայց տեղի են ունեցել բաներ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ դիմացինը չի լսել, ապա կար հնարավորություն տեղյակ պահելու, ինչը չի արվել, ինչը լրացուցիչ մտահոգություների տեղիք է տալիս: Այս ամենը անհետևանք չի կարող մնալ և չի մնա»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ճեպազրույցին մասնակից խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ, կարևորելով անվտանգության խնդիրը, նշեց, որ գործ ունենք նաև ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետ, և Հ1-ի բացատրության մեջ պետք է անվտանգությանն ու պրոֆեսիոնալիզմին առնչվող հարցերի պատասխանները տրվեն:
«Սա պետք է հետևանք ունենա, որ ապագայում նման բացթողումներ չլինեն»,- ասաց Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում