Բաժիններ՝

«400 հազարից օգնություն է ստացել 700-ը. 24 հազար ՓՄՁ-ից՝ 300-ը. ընդունված ծրագրերը հրատապ պետք է փոփոխվեն». Մակարյան

Կառավարության ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, դրանք անպայման վերանայման ու փոփոխության անհրաժեշտություն ունեն: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախքան որոշումներ ընդունելը Կառավարությունն էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հաշվարկներ պետք է աներ՝ հասկանալու համար, թե նախ՝ տնտեսության որ ոլորտներն են առավել շատ տուժել, և որ ոլորտները պետք է զարգացնել, սակայն մեզ մոտ դա չարվեց՝ ընդունվեցին միջոցառումների փաթեթներ, որտեղ այդ տարանջատումն արված չէ, և կա նաև հասցեականության խնդիր:

«Եկեք իմ ասածը դիտարկենք տուրիզմի ոլորտում. մի դեպքում մենք ունենք ընկերություններ, որոնք տուրիստներ են բերում Հայաստան, որոնք էլ իրենց հերթին՝ գումարներ են ծախսում մեր երկրում, և դա ստեղծում է մուլտիպլիկատիվ էֆեկտ: Այս ընկերություններին զուգահեռ՝ կան նաև այնպիսի տուրիստական գործակալություններ, որոնք Հայաստանից են տուրիստներին տանում այլ երկրներ, այսինքն՝ մեր քաղաքացիները գնում են, փողը դրսում են ծախսում,  տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ չեն առաջացնում: Հիմա՝ պետությունը պետք է ասի, ոչ թե՝ ով ցանկանում է՝ կարող է դիմել և վարկ կամ այլ աջակցություն ստանալ, այլ պետք է նախ ձեռք բերեր Հայաստան տուրիստներ, հետևաբար՝ նաև փող ծախսող, բերող ընկերությունների ցանկը պետռեգիստրից ու ՊԵԿ-ից, և առաջինը հասցեական աջակցություն տար հենց  այդ ընկերություններին»,- ասաց Մակարյանը:

Նրա համոզմամբ՝ Կառավարությունը նախ պետք է գնահատեր այս կամ այն  միջոցառման՝ ՀՆԱ-ին հասցրած  օգուտը, հաշվարկեր, թե ինչ է ստանալու, որից հետո նոր թիրախավորեր տնտեսության ոլորտները:

«Տեսեք՝  3-րդ միջոցառման փաթեթն աջակցություն է տրամադրում  6 ոլորտների՝ տուրիզմ, տրանսպորտ, վերամշակում, առողջապահություն, սպասարկման ոլորտ և այլն: Հիմա այս փաթեթով   օգնություն է ստացել 70-ընկերություն, եթե այս թիվը բաժանում ենք ոլորտների թվին՝ 6-ի, ապա ստացվում է՝ ամեն մի ոլորտից աջակցություն է ստացել 11 ընկերություն, և սա՝ այն դեպքում, երբ ընկերությունները հարյուրավոր են:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք Կառավարությունը հաշվարկել է, թե այդ 6 ոլորտի այս 11-ական ընկերություներն ինչ տնտեսական էֆեկտ կստեղծեն, այ  սա է խնդիրը: Կամ՝ մեկ այլ ծրագրով աջակցություն է ստացել 700 ֆերմեր կամ տնտեսվարող սուբյեկտ, և սա՝ այն պարագայում, երբ ունենք 350-400 հազար նման սուբյեկտներ ու ֆերմերներ: Այսինքն՝ գործ ունենք ոլորտի 0.1 տոկոսին տրամադրված աջակցության հետ:

Մեկ այլ ծրագրով էլ մենք խոսում ենք 80 հազար տնտեսվարողի մասին, որոնցից 24 հազարը ՓՄՁ-ներ են,  և նրանցից աջակցություն է ստացել մոտավորապես 300  ընկերություն, և այս դեպքում էլ գործ ունենք 1 տոկոսից ցածր թվի հետ: Տնտեսական բլոկի հասանելիությունն ապահովող մեկ այլ ծրագիր 2-50 աշխատողի համար ընկերություններին տալիս է դրամաշնորհ, բայց դա տնտեսական նշանակություն չունի, դա աշխատավարձի որոշակի ֆոնդի աջակցություն է: Կառավարության ընդունած 1-ին ծրագրով էլ օգնություն է ստացել 200 ընկերություն, իսկ 200-ը կաթիլ է ծովի մեջ: Այսպես մենք տնտեսական հաջողություն և ՀՆԱ-ի որոշակի տոկոսի պահպանում չենք կարող ապահովել»,- ասաց Մակարյանը՝ նշելով, որ ոչ թե դժգոհում է Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից, այլ մատնանշում է այն խնդիրները, որոնք հրամայական են դարձնում ընդունված տնտեսական ծրագրերի լուրջ վերանայումը:

«Արդեն իսկ կան խոսակցություններ, որ ծրագրերը կարող են փոփոխությունների ենթարկվել: Ինքս էլ դիմել եմ Կառավարությանն արդեն ընդունված ծրագրերում փոփոխությունների հարցով՝ գրավ, սահմանված ֆիլտրեր և այլ հարցեր կան: Փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ հայտնի չէ՝ այս իրավիճակը որքան կարող է տևել»,- ասաց նա:

Ըստ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահի՝  հաջորդ խնդիրը կապված է տնտեսվարողների և բանկերի աշխատանքի հետ, շատ դեպքերում բանկերը ռիսկի չեն գնում, վարկ չեն ցանկանում տալ, որովհետև նրանց համար անհայտ է՝ գործարարը կկարողանա՞ արդյոք վերցրած փողը  վերադարձնել:

«Մոտեցումն այստեղ էլ պետք է սկզբունքորեն տարբեր լիներ: Կախված տնտեսության ճյուղի կարևորությունից՝ պետությունը ոչ թե տնտեսվարողին պետք է ուղարկեր բանկ, այլ 100 տոկոսով պետք է աջակցեր, որ մարդիկ չկանգնեին նաև գրավի խնդրի առաջ: Եթե տվյալ ոլորտը սպասարկող տնտեսվարողները կարողանում են այդ ճյուղն այնպես պահել, որ չփլուզվի, պետք է պետությունը նրանց ֆինանսավորեր, ոչ թե ուղարկեր բանկեր: Օրինակ՝ դիտարկենք տեքստիլի արտադրությունը. Հայաստանում կա 12 կարի ընկերություն, որը ներկայացնում է տեքստիլի ճյուղը, էստեղ պետությունը պետք է լրիվ այլ կերպ աջակցեր, որովհետև այս 12 ընկերություններն ունեն մեծ թվով աշխատատեղեր, պահպանել են դրանք, բացի այդ՝ արտահանումն այստեղ մեծ թիվ է կազմում»,- ասաց Մակարյանը:

Գագիկ Մակարյանը նաև տեղեկացրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է դիմել նաև առաջարկով՝ հատուկ արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկվածների համար փաթեթ ընդունելու հարցով:

«Առաջարկել եմ հավաքագրել սահմանային անցակետերից այն մարդկանց տվյալները, որոնք ամեն տարի գնացել, աշխատել ու  վերադարձել են: Առաջարկել եմ նրանց համար նպաստներ նշանակել. տեսենք, թե ինչ կանեն»,- խոսքը եզրափակեց Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս