Անդրանիկ Քոչարյանը բողոքում է ֆեյքերից
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/Andranik-Qocharyan.jpg)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ Հայաստանում ֆեյքերի գործունեությանը՝ ասելով, թե նրանք փորձում են ձևավորել կեղծ հանրային օրակարգ, որը որևէ աղերս չունի օրվա իշխանությունների հետ:
«Ֆեյքերի միջոցով տպագրում են հոդվածներ, ֆեյքերը դրանց արձագանքում են, իսկ նրանց սպասարկող մամուլն արտատպում և ձևավորում է հանրային ֆեյք կարծիք: Նրանք փորձում են վիրտուալ ձևավորել պսևդո ժողովրդավարություն, որտեղ մարդուն փոխարինում է կեղծիքը: Հայրենիքի և զինվորի գաղափարը տեղափոխվում է վիրտուալ՝ ոչ իրական դաշտ, որի արդյունքում ունենում ենք կեղծված արժեհամակարգ, ժողովրդավարության պայմաններում սա անթույլատրելի է, քանզի ժողովրդի կամքն առաջնային է երկրի բոլոր ծրագրերն իրականություն դարձնելու և ապագայի հեռանկարը կերտելու գործում: Իրական հայրենիքի, զինվորի կերպարին զուգահեռ՝ ծնվում է արհեստական իրողություն, որը չունի ամուր հիմքեր և կփլուզվի առաջին իսկ հարվածից»,- նշեց պատգամավորը:
Մեջբերելով մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝ «Զինվորի իմ բացակայությամբ հնէաբաններն իմ երկրի անցյալը հարմարեցնելու են իրենց ցեղերի ապագային, զինվորի իմ վստահ ներկայությունը ոչ է ասելու նրանց, ասելու է՝ հավերժորեն նորոգվելու են ազգերը: Զինվորի իմ ու քո ներկայությունն այսօրվա մեջ շատ է կարևոր, պարտադիր անհրաժեշտություն է», Անդրանիկ Քոչարյանը բոլորին մաղթեց առողջություն և եզրափակեց ելույթը: