Վաղը-մյուս օրը ձեզ կնստեցնեն, թողեք գանք՝ ձեզ տեսնենք, ա՛յ ձեր ցավը տանենք. Էդմոն Մարուքյանը՝ քաղաքական մեծամասնությանը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է պատգամավորներին տալ իրավունք՝ այցելել այդ անձանց պահման վայրեր՝ առանց որևէ խոչընդոտի:

Քաղաքական մեծամասնությունը և Արդարադատության  նախարարությունը դեմ էին այս փոփոխությանը: Ըստ փոխնախարար Սրբուհի Գալյանի՝ առաջարկվող նախագիծը սոցիալական անհրաժեշտությամբ հիմնավորված չէ, որովհետև այն խումբ անձինք, որոնց համար առաջարկվում է սահմանել տեսակցություն, արդեն այդ իրավունքն իրացնում են իրենց պաշտպանյալների և Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով:

Նախագծի վերաբերյալ Էդմոն Մարուքյանը հիշեց, որ, երբ 2008 թվականի մարտի 1-ից հետո ՀՀ ՔԿՀ-ներում և ԱԱԾ մեկուսարանում հայտնվեցին, օրինակ՝ Սասուն Միքայելյանը, Գագիկ Ջհանգիրյանը և շատ այլ քաղաքական գործիչներ, ինքը, որ ներգրավված էր դիտորդական խմբում, այցելում էր բանտերում գտնվող քաղաքական գործիչներին, որոնց նկատմամբ քննիչների կողմից կար տեսակցության արգելք:

«2010 թվականի  դեկտեմբերի 17-ին երկրում մի ահավոր բան տեղի ունեցավ. Հրայր Թովմասյանը նախագահի հրամանագրով նշանակվեց Արդարադատության նախարար և քաղաքական գործիչներին տեսակցելու մասին նորմը սկսեց մեկնաբանել այնպես,  ինչպես հիմա մեկնաբանում եք դուք, ինչպես մեկնաբանում է Արդարատության նախարարությունը: 2010 թվականից հետո արդեն 10 տարի՝ Հրայր Թովմասյանի նման այս նորմը մեկնաբանել են գործող բոլոր նախարարները, հեղափոխությունից հետո էլ՝ գործող նախարարությունը և գործող քաղաքական մեծամասնությունը»,- ասաց  Էդմոն Մարուքյանը:

Այնուհետև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ այս նորմի հետ կապված քննարկումներ են ունեցել նաև նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, որի առաջարկով նախորդ գումարման խորհրդարան է ներկայացրել ձերկակալված և կալանավորված անձնանց պահման վայրերում տեսակցելու համար պատգամավորներին իրավունք տալու մասին նախագիծ, ինչը, սակայն, մերժվել է  նախկին իշխանությունների ժամանակ:

«Սիրելի՛ գործընկերներ, ես ու Փաշինյանն այն ժամանակ ասում էինք՝ այ հարգելի՛ հանրապետականներ, վաղը իշխանափոխություն կլինի, քրեական գործեր կհարուցվեն, ձեզ կնստեցնեն, դուք կարիք կունենաք, որ մենք այցելենք ձեզ,  ասում էին՝ չէ, չի լինի, և էդ ձևով մերժում էին: Սա ինձ մոտ դեժավյու է առաջացնում: Հիմա դուք եք իշխանություն, վաղը կամ մյուս օրը քրեական գործեր են լինելու, դրանցով մարդիկ են հայտնվելու քրեակատարողական հիմնարկներում: Հնարավորություն տվեք ձեզ այցելենք, ա՛յ ձեր ցավը տանենք, թողեք գանք՝ ձեզ տեսնենք, ա՛յ  ձեր կյանքին ու գլխին ղուրբան: Էլ ինչ անենք մենք ձեզ համար, որ դուք չդառնաք Հրայր Թովմասյան»,- ասաց Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս