Կարեն Շահնազարովի ֆիլմը ներկայացվել է «Օսկարի»
Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկարի»: Նման որոշում սեպտեմբերի 20-ին կայացրել է Մոսկվայում ռուսական «օսկարյան հանձնաժողովը»:
Ըստ հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Մենշովի, որն «Օսկար» է ստացել «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի համար, «հանդիպումը տեղի է ունեցել բավականին նյարդային մթնոլորտում», քանի որ մասնակիցներից յուրաքանչյուրն իր հավակնորդին է պաշտպանել:
Այդպիսով, Ռուսաստանն արդեն երկրորդ տարին է՝ Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմ է առաջադրում «Օսկարի»։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են «Օսկարի» դափնեկիրներ եւ հավակնորդներ, պրոդյուսերներ եւ ռեժիսորներ: Օրինակ` Նիկիտա Միխալկով, Վլադիմիր Նաումով, Կարեն Շահնազարով, Պյոտր Տոդորովսկի, Ալեքսանդր Սոկուրով, Ալեքսեյ Ուչիտել, Պավել Չուխրայ, Սերգեյ Բոդրով, Գեորգի Դանիելիա, Անդրեյ Կոնչալովսկի, Անդրեյ Զվյագինցեւ եւ այլոք, գրում է NEWSru.com-ը:
Կինոգետ Կիրիլ Ռազլոգովը «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում բացատրել է, թե ինչու են ուղարկում հենց այդ ֆիլմը: Դա արժանի կինոնկար է: Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ» կինոնկարը ավելի դժվար է պայքարի համար, նաեւ բարդ է ամերիկյան կինոակադեմիկոսների համար:
«Սպիտակ վագրի» իրադարձությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ըստ սցենարի` խորհրդային բանակը ահաբեկչության է ենթարկվում գերմանական գաղտնի եւ անխոցելի «Վագր» տանկի կողմից, որն անսպասելի հայտնվում է եւ անսպասելի անհետանում: Դրա որոնումներով զբաղվում է գնդապետ Նայդենովը, որն իր առաքելությունը շարունակում է նաեւ պատերազմի ավարտից հետո: