Ապրիլի 24-ն ու մայիսյան եռատոնը՝ արտակարգ դրության պայմաններում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ նաև, թե ինչպես պետք է նշվեն մեծ եղեռնի տարելիցն և մայիսյան եռատոնն արտակարգ դրության երկարաձգված ռեժիմի պայմաններում։
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք ունենք մեզ համար սրբազան օրեր՝ դա ապրիլի 24-ն է և մայիսին նշվող Շուշիի ազատագրման և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը: Մեր եզրակացությունն այն է, որ այս միջոցառումներին քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի:
Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, և նույնն այս պահի պլանով վերաբերում է նաև մայիսի 1-ին, 8-ին, և 9-ին: Մենք այս միջոցներով պետք է կարողանանք լուծել հակահամաճարակային խնդիրներ: Ես խնդրում եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով մոտենան այս հարցերին»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է վարակի կանխարգելումը և դրան նպաստող՝ սահմանված ռեժիմով քայլերի կատարումը:
«Իհարկե՛, մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որ այդ ռեժիմը խստորեն պահպանվի, բայց ես կոչ եմ անում, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի և մնա այդ ռեժիմի մեջ»,- ասաց նա: