«Բոլորն էլ իրենց կատարած աշխատանքին համապատասխան պետք է վարձատրվեն, ինքս չգիտեմ, թե տիկին Նազարյանը կոնկրետ ինչ է ասել, չեմ ուզենա որևէ կերպ անդրադառնալ». Սոֆյա Հովսեփյան
Արդեն երկու օր է՝ համացանցում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մեկնաբանությունը՝ կապված պարգևավճարների և առհասարակ նախարարների, փոխնախարարների ու պատգամավորների աշխատավարձերի հետ:
Հիշեցնենք, որ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ, եթե պաշտոնյաները պարգևավճարներ չստանային, և այդ գումարները հավաքվեր հատուկ ստեղծված ֆոնդում, ապա որքան գումար կհավաքվեր կարիքավոր խավի, աշխատանքը կորցրած մարդկանց համար.
«Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին։ Դա իսկապես կարևոր է, շատ կարևոր է վերագիտակցել հենց այս օրերին, երբ ակնհայտ է, որ հասարակության շերտավորումն էլ ավելի է մեծանալու, իսկ մարդուն ասել՝ «․․․ գնա բուդկա բացի, կամ տաքսի քշիր, գլուխդ պահիր, իմ գործս չի». արտահայտությունն արդիական չէ, քանի որ տուգանքի սպառնալիքով մարդիկ տանն են»,- գրել էր իրավապաշտպանը:
Իրավապաշտպանի այս գրառման տակ մեկնաբանություն էին թողել՝ ինչպես ԱԺ մի քանի պատգամավորներ, այնպես էլ՝ Լենա Նազարյանը:
«Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում՝ հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»:
Այնուհետև պատասխանելով տարբեր օգտատերերի, այդ թվում՝ թիմակից պատգամավորների գրառումներին, Լենա Նազարյանը գրել է
«Դու պատկերացնո՞ւմ ես ամեն օր փաստաթուղթ ստորագրող մարդու պատասխանատվությունը։ Հա, դա նստած է անում, ի տարբերություն ամբողջ օրը ոտքի վրա աշխատող մարդու, բայց նրան կարող են դատել սխալի համար։ Պատասխանատվության մասը լիովին անտեսում եք։ Ու սա շատ վատ է։ Շատ վատ է»:
Նաև գրել է. «Դե բնականաբար հո իրենց չի՞ անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկը չի անի դա ու չպիտի անի»:
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:
«Երեկ այս թեմային անդրադարձել եմ, և անկեղծ, շատ ավելի հանգիստ խղճով եմ ապրում, երբ որևէ պարգևատրում չի լինում և այս ավելորդ խոսակցություններից զերծ եմ մնում: Բայց ինձ համար մտահոգող է նաև այն հանգամանքը, որ որևէ կերպ չեմ պատկերացնում, որ իրենք ուզում են՝ դու ծառայես, էլի ծառայես, սա չէ խնդիրը, բայց որևէ կերպ այդ ծառայության համար ոչ թե դու վարձատրվես, խնդիրը սա էլ չէ, այլ հնարավորություն ստեղծվի այդ ծառայությունն իրականացնելու համար:
Օրինակ՝ դիտարկում եմ հետևյալ կերպ, ինքս այն պատգամավորներից եմ, ով շատ հաճախ ամսվա ուղիղ կեսն անցկացնում է մարզերում, և այն պարգևատրումը՝ 152 հազար դրամ, որը ստացել եմ, չի բավարարում մարզային այցելությունների անգամ տրանսպորտային ծախսերի համար: Քանի որ ունեմ առաքելություն և նպատակ, այդ նպատակին ծառայեցնում եմ նաև իմ աշխատավարձը, այդ մասին չեմ բարձրաձայնում, և բնական է, հասկանում եմ, որ, եթե այսօր մենակ եմ ապրում, պատասխանատվություն չունեմ՝ երեխայի, ամուսնու կամ ընտանիքի հետ կապված, այդ գումարը ծախսում եմ նման հարցերի համար: Իսկ ի՞նչ պետք է անի այն մարդը, որն ունի այս պատասխանատվությունը, նա նախընտրելու է ո՛չ գնալ, ո՛չ էլ խնդիրներին ծանոթանալ: Չմտածեք, թե նրանց չգնալն արդարացնում եմ, քանի որ չգնացող մարդը բոլոր տարբերակները գտնում է և չի գնում, գնացողն էլ բոլոր տարբերակները կգտնի և կգնա:
Անկեղծ՝ կցանկանայի, որ ոչ թե ինձ կցված մեքենա լիներ, քավ լիցի, դրա ամբիցիաները չունեմ, այլ լիներ մեքենա, որն ինձ կտաներ մարզեր և հետ կբերեր, այսինքն՝ կապ չունենայի այդ մեքենայի ծախսերի ու վարորդի հետ: Օրինակ՝ երեկ ահազանգել են, որ պետք է գնամ Տավուշի մարզի համայնքներից մեկը, քանի որ խնդիրներ կան ջրի հետ կապված, որպեսզի հասկանանք, թե մարզպետի հետ ինչ կարող ենք անել և որտեղ այդ խնդիրը բարձրաձայնենք»,- ասաց պատգամավորը:
Ճշտող հարցին՝ ծառայողական մեքենա չունե՞ք, պատգամավորը պատասխանեց, որ չունի և չի էլ ունեցել, որևէ պատգամավոր ծառայողական մեքենա չունի, նման մեքենա ունեն միայն հանձնաժողովի նախագահները:
«Պատգամավորներն ունեն ընդամենը պետհամարանիշ, որը դրել են իրենց սեփական մեքենայի վրա, այսինքն՝ այդ պետհամարանիշը ես էլ կարող եմ ունենալ, սակայն դրա գոյությունն իմ կյանքում ոչինչ չի փոխելու: Եթե անգամ ունենամ սեփական մեքենա և լինեմ դրա վարորդը, միևնույն է՝ տեղափոխման ծախսը կրկին մնում է պատգամավորի վրա»,- հավելեց նա:
Նա նշեց, որ առաջիններից մեկն է եղել, որը հրաժարվել է պատգամավորական պարգևավճարից, քանի որ իր համար խաղաղ ապրելն ավելի կարևոր տեղում է: Ավելին, իր ստացած արձակուրդային գումարը տվել է դպրոցներից մեկին, որպեսզի գույք ձեռք բերեն:
«Ինքս այն մարդկանցից չեմ, որ պետք է 100 դրամ ավելի ունենա, որպեսզի իրեն հարուստ զգա, ես այդ գումարը սիրով օգտագործում եմ մի որևէ տեղ, որպեսզի մի լույս վառվի: Օրինակ՝ ինքս կարող եմ ասել՝ ինձ ի՛նչ ջրագծերի խնդիրը, բայց ես չեմ կարող այդպես ասել, ինչո՞ւ, որովհետև, եթե վաղը բերք չլինի՝ խնդիրն ամբողջ հանրապետությանն է վերաբերելու, որից տուժելու են բոլորը: Այսինքն՝ մենք հարցին առավել շրջահայաց պետք է մոտենանք, քննադատողներից մեկը եղել եմ ես և կամ միշտ, չեմ ընդունում իմ կամ իմ թիմակցի կողմից թույլ տրված շռայլությունները, որոնք կարող են լինել պետության հաշվին: Բայց այստեղ խոսքը դրա մասին չէ, իհարկե, կողմ եմ, որպեսզի լինի գործիքակազմ, որով կգնահատվի, և ըստ արդար գնահատման՝ տեղի կունենա թե՛ խրախուսումը, թե՛ գնահատումն ու մի շարք այլ հարցեր»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Լենա Նազարյանի այն արտահայտությանը, որ ուզում են «նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն, ոչ մեկը չի անի դա ու չպիտի անի», և անդրադառնալով հարցին, որ բազմիցս իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ 30 տարի երկիրը գտնվել է ճահճում, արդյո՞ք նման պայմաններում իշխանության եկած և երկիրը ղեկավարող իշխանության ներկայացուցիչները չպետք է նվիրյալներ լինեն՝ անկախ այն հանգամանքից, թե որքան գումար են վաստակում, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ չի հետևել Լենա Նազարյանի արած մեկնաբանություններին, քանի որ ծանրաբեռնված է եղել:
«Տեսա, որ ինչ-որ բաներ գրում են, բայց չկարողացա իմանալ, թե ինչ ընթացք է ունեցել: Նվիրվածությունն առհասարակ դիտարկում եմ մարդու տեսակ՝ անկախ ամեն ինչից, բայց սոցիալական խնդիրը մենք չպետք է խառնենք սրա հետ: Այս խնդիրը նույն նախարարի, թոշակառուի և ուսուցչի դեպքում պետք է կարևորենք, նրանք բոլորն էլ իրենց կատարած աշխատանքին համապատասխան պետք է վարձատրվեն: Ինքս չգիտեմ, թե տիկին Նազարյանը կոնկրետ ինչ է ասել, չեմ ուզենա որևէ կերպ անդրադառնալ»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հնչող կարծիքներին, որ իշխանափոխությունից առաջ բոլորը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում էին, որ իրենք ոչ թե ժողովրդի կառավարիչներն են, այլ ծառաները, հանկարծ ի՞նչ եղավ, որ սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել վաստակած գումարին, Սոֆյա Հովսեփյանը նախ հարց բարձրացրեց՝ «ժողովրդի ծառա» արտահայտությունը նշանակում է՝ առանց աշխատավարձի աշխատե՞լ:
«Եթե վարչապետը սա է նկատի ունեցել, ապա, անկեղծ ասած, ես դա չեմ հասկացել: Ինքս պարկեշտ ու պատասխանատու ծառայող եմ եղել երկրիս ու ժողովրդին, բայց ինչ-որ տեղ աշխատավարձ ստացել եմ և այսօր էլ ստանում եմ խորհրդարանում: Երբ ԿԳՄՍ նախարարի գրառումներից մեկի տակ, որը վայբերով ուսուցման հետ կապված ինչ-որ բան էր դիտարկել, գրել էի, որ նման խնդիրներ ունենք Երևանում, և ավագանիներին այդ խնդիրն արդեն փոխանցել եմ, մի քանի ուսուցիչներ ինձ վերջին անպատիվ բառերն էին ասել, թե ինչու եմ խառնվում նախարարի գործունեությանը, ավելի լավ է՝ գնամ պատգամավորական գործ անեմ:
Այո, համարում եմ, որ պատգամավորը պետք է նստի և օրենքներ մշակի և միայն օրենսդիր գործունեությամբ զբաղվի, իսկ ի՞նչ կլինի այն աշակերտների վիճակը, եթե, օրինակ, պատգամավորը չհայտնաբերի, որ նրա հետ դաս չեն անում: Արդյո՞ք մարդը չպետք է լինի շնորհակալ, երբ պատգամավորը փորձում է հասկանալ, թե այսօր հեռավար կրթության հետ կապված ինչ խնդիրներ կան: Որքան ուզում ես ծառայես, միևնույն է՝ այդ քո առավելագույն ծառայությունը դիտարկվելու է քո պարտքը, թերևս, այն պարտականությունների մեջ չի մտնում: Անգամ, եթե վաստակում ես, անգամ այդ վաստակը համարեն «գրող ու ցավ»:
Գոնե իմ անունից կարող եմ ասել, որ բիզնեսներ չունեմ և եթե երբևէ բիզնես ունենամ, որը դժվար թե իմ ապրելակերպի դեպքում հնարավոր լինի, մեծ սիրով այդ աշխատավարձը կրկին կփոխանցեի պետական բյուջե, քանի որ կունենայի իմ հանապազօրյա հացի խնդիրը լուծելու հնարավորություն: Խնդիրն այն է, որ, երբ փորձում եմ որևէ բան գրել, ինձ ասում են, թե դա ինձ չի վերաբերում:
Ո՛չ, դա բոլորիս է վերաբերում, եթե առանձնացնում են մի քանիսին և ասում, թե մենք նրանց մեջ չենք մտնում, ապա պետք է իրենց պատգամավորից պահանջեն, որպեսզի նա լավ աշխատի, ոչ թե ասեն՝ պարգևավճարը «քթից գա», այլ պահանջեն, որպեսզի պարգևավճարին համապատասխան աշխատի: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ այսօրվա իր ընտրվելը, այո՛, կախված է այդ ժողովրդից: Ժողովուրդն էլ պետք է պահանջի, որ ընտրել է՝ ուրեմն պետք է ծառայեն, քավ լիցի, ես այդ խնդիրը չեմ թողնում, որ ինձ նման պահանջ ներկայացնեն, քանի որ գիտեմ առաքելությունս և գիտեմ՝ ինչու եմ այստեղ»,- եզրափակեց պատգամավորը: