Էկոնոմիկայի նախարարը պարգևավճար վերջին անգամ ստացել է փետրվարին, փոխվարչապետը և ԱՍՀ նախարարը՝ չեն հիշում

Պարգևավճարներ ստանալու մասին այսօր հարց ուղղվեց Կառավարությունում հրավիրված ասուլիսին ներկա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:

Լրագրողը հետաքրքրվել էր, թե վերջին անգամ ե՞րբ են պարգևավճար ստացել պաշտոնյաները, հաջորդը ե՞րբ կստանան, և մարտ-ապրիլ ամիսներին ո՞ր աշխատակիցներն են ստացել պարգևավճար:

«Վերջին անգամ՝ փետրվար ամսվա արդյունքներով: Մարտ ամսվա արդյունքներով՝ միայն որոշակի սպասարկող անձնակազմը, ովքեր հանգստյան օրերին աշխատել են շենքի մաքրության և սանիտարական վիճակը կարգի բերելու համար: Հաջորդ անգամ՝ ե՞րբ, այդ հարցին ես չեմ պատասխանի: Երբ որ իրավիճակը կկարգավորվի այնքան, որ կառավարությունը որոշում կկայացնի շարունակել աշխատակիցների համար պարգևավճարների վճարման հարցը, հենց այդ ժամանակ: Այսինքն՝ այդտեղ որոշակիություն չի կարող լինել:

Մենք և մեր աշխատակիցները շատ լավ հասկանում ենք, որ դժվարությունը վերաբերում է  բոլորին, և բոլորը պետք է յուրաքանչյուր իրավիճակում ունենան համարժեք սպասումներ»,- հարցին ի պատասխան՝ ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նույն հարցին  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պատասխանեց.

«Եթե չեմ սխալվում, պարգևավճարը փետրվարին եմ ստացել, հիմա չեմ հիշում: Իսկ ապագայում ե՞րբ կստանամ, կստանա՞մ, թե՞ ոչ, էլի չեմ կարող ասել: Բնականաբար, երկրորդում եմ պարոն Խաչատրյանին: Այստեղ միասնական որոշման խնդիր կա, որովհետև պարգևավճարների տրամադրումը մեզ՝ մենք չենք որոշում: Երբ կլինի համապատասխան որոշում, այդ ժամանակ այդ մասին կիրազեկենք»: Զարուհի Բաթոյանն առաջարկեց հարցին ավելի հստակ պատասխան ստանալու համար դիմել գրավոր հարցմամբ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ  չէր հիշում, թե վերջին անգամ երբ է ստացել պարգևավճար:

«Իրոք չեմ կարող հստակ ասել, որովհետև կարող է՝ սխալվեմ: Բայց պատրաստ եմ գրավոր այդ հարցին պատասխանել: Ուղղակի անկեղծ չեմ հիշում: Ապագան, կարծում եմ՝ որոշակիորեն տեղեկացված կլինի հանրությունը, թե ինչ է լինելու ապագայում կամ մոտ ապագայում, բայց անցյալի մասով ես կնախընտրեի գրավոր պատասխանել, որովհետև իրոք չեմ հիշում»,- նշեց Մհեր Գրիգորյանը:

Տիգրան Խաչատրյանը նաև  հիշեցրեց, որ նախարարի աշխատավարձը սահմանված է  «Բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքի պահանջներին համապատասխան և կազմում է 610.000 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս