![](/banners/BeFunky-design.jpg)
Արաբկիրի անձնագրային բաժանմունքում կաշխատեն նոր պայմաններում
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/passport-sexan.jpg)
Հայաստանի ոստիկանությունում անձնագրային բաժանմունքների արդիականացման շրջանակներում այսօր, սեպտեմբերի 20-ին շահագործման հանձնվեց անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքը: Բացման արարողությանը մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ` ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը և ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, այլ պաշտոնատար անձինք, թաղամասի բնակիչներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ բաժանմունքում ստեղծված են բոլոր պայմանները քաղաքացիների որակյալ սպասարկման համար, գործում է տեսադիտարկման ու վերահսկման համակարգ, միջոցներ են ձեռնարկվել հերթերը բացառելու ուղղությամբ, հնարավորություններ են նախատեսված նաև կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման համար:
Նորաբաց բաժանմունքում առաջին քաղաքացուն անձնագիր տրամադրելուց հետո սկսվել է առաջին աշխատանքային օրը նոր պայմաններում, իսկ առջևում հերթական անձնագրային բաժանմունքների բացումն է ոչ միայն Երևանում, այլև հանրապետության այլ քաղաքներում:
Բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ծրագրի իրականացումը շարունակվում է: