Բաժիններ՝

«Բանկերն ունեն բավարար գործիքակազմ՝ դիմակայելու տնտեսությունում կանխատեսվող հնարավոր զարգացումներին». Հայաստանի բանկերի միությունը՝ «վարկային արձակուրդների» մասին

Արտակարգ դրության պայմաններում առևտրային բանկերը հայտարարեցին «վարկային արձակուրդի» մասին: 168.am-ը Հայաստանի բանկերի միությունից հետաքրքրվեց, թե վարկառուի համար որքանո՞վ է նպաստավոր այս «արտոնությունը»՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մայիսից պետք է վճարվի նաև այս երկու ամիսների պարտքը, մինչդեռ մարդիկ հիմնականում չեն աշխատել և եկամուտ չունեն:

Միության հասարակայնության հետ կապերի բաժնից մասնավորապես հայտնեցին. «Յուրաքանչյուր բանկ, ելնելով իր քաղաքականությունից, «վարկային արձակուրդ» տրամադրելիս դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները՝ իր հաճախորդի ֆինանսական վիճակը որոշակի ժամանակահատվածով թեթևացնելու ուղղությամբ։ Ստեղծված իրավիճակը տարբեր հաճախորդների վրա տարբեր ազդեցության չափ է ունեցել, հետևաբար՝ ճիշտ է անհատական մոտեցում ցուցաբերելը:

Ներկա պայմաններում բոլոր այն հաճախորդներն, ովքեր հնարավորություն ունեն սպասարկել իրենց վարկերը, կարող են չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն՝ վարկային բեռի հնարավոր ավելացումը կանխելու նպատակով:

Հավելենք, որ «վարկային արձակուրդի» ընթացքում հաշվեգրված տոկոսագումարները կհաշվարկվեն և կբաշխվեն մնացած ամիսների վրա»:

Անդրադառնալով հարցին, թե բանկերի վրա ի՞նչ ազդեցություն կունենա վարկերի մարման սառեցումը, և, առհասարակ, հայաստանյան բանկերը կկարողանա՞ն դիմակայել նոր մարտահրավերներին և կառավարել ռիսկերը, Հայաստանի բանկերի միությունից վստահեցրին՝ «վարկային արձակուրդ» տրամադրելու նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ բանկերի կողմից իրականացվել են անհրաժեշտ հաշվարկներ և վերլուծություններ.

«Ըստ այդմ՝ գործընթացը կառավարելի է, և բանկերն ունեն բավարար գործիքակազմ՝ դիմակայելու տնտեսությունում կանխատեսվող հնարավոր զարգացումներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս