Բաժիններ՝

«Չեմ հասկանում այն ծնողներին, որ հաշմանդամ են դարձնում երեխայի կենսագրությունը»

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է «Մանկական Եվրատեսիլին» իր դստեր՝ Անգելինա Գասպարյանի  մասնակցության վերաբերյալ  շրջանառվող լուրերը: Հարցին, թե  ճիշտ են լուրերը, որ ինքը միջամտում է «Մանկական Եվրատեսիլի» գործընթացներին, որ եզրափակիչում հայտնվի իր դուստրը, Գասպարյանը պատասխանել է.

«Այդ լուրերը տարածողները, ինչ-ինչ շահագրգռություններից կուրացած, չեն ուզում հասկանալ որ խոսքը երեխաների մասին է: Երեխաների, հասկանո՞ւմ եք: Չի կարելի նրանց քաշել մեծական ու կեղտոտ խաղերի մեջ: Մանկությունը մի ժամանակ է, երբ ամեն ինչ սկսվում է, և ինչպես սկսվեց, այնպես էլ կգնա: Վատ սկսվեց, կեղծիքով, տգեղությամբ, ոչ մի լավ բան չսպասեք…»:

Վ. Գասպարյանը հավաստիացրել է, որ  իր երեխաներին ու թոռներին մեկ սկզբունքով  է դաստիարակել. «Կյանքում լինում են եւ հաղթանակներ, և պարտություններ, ու բոլորն էլ քոնն են, քոնը պիտի լինեն: Առավել ևս հաղթանակը որևէ մեկի, թեկուզ հորդ հետ կիսելը կիսատություն է նշանակում: Ո՞ւմ է պետք կիսատ մարդը: Ես իմ երեխաներին այդպիսի կյանք ու ապագա չէի ցանկանա: Այս այլանդակ լուրերը տարածողներն իրենց երեխաներին ցանկանո՞ւմ են: Հուսով եմ, որ` ոչ, պարզապես չարությունից կուրացած ու խլացած`շահարկում են հարցը, «թեմա» են հորինել, ինչը, մեղմ ասած, անբարոյականություն է, որովհետեւ, կրկնված լինեմ ու պիտի կրկնեմ այնքան, մինչեւ բոլորը հասկանան` խոսքը երեխաների մասին է…»,- ասել է Գասպարյանը:

«Աստված է վկա` ինձ երբեք թույլ չեմ տվել ու թույլ չեմ տա միջամտել նման հարցերում, և չեմ հասկանում այն ծնողներին, այն մեծերին, որ օգտագործելով դիրք, պաշտոն, այլեւայլ հնարավորություններ` հաշմանդամ են դարձնում երեխայի կենսագրությունը:

Կարդացեք նաև

Երեխայի մեջ չարություն, նախանձ, հիվանդագին մրցակցություն սերմանելը պարզապես սխալ չի, հանցագործություն է, ծանրագույն հանցագործություն սեփական երեխայի և բոլոր երեխաների հանդեպ…

Աններելի բան է: Թող Աստված ողորմա նմաններին, իսկ մեզ դատի ըստ մեր արդարության:

Ես էլ եմ ներում աշխարհի ամենալուսավոր բաները` երեխային ու երգը նեղացնողներին, բայց եւ վախ ունեմ, որ շահարկումներն, այնուամենայնիվ, չեն դադարելու, ուստի` մի խնդրանք ու խորհուրդ. վերջ տվեք ինքնաթունավորմանը, սրբվեք ձեր ներսի մաղձից, հանգիստ թողեք երեխաներին,- նշել է Վլադիմիր Գասպարյանը` հավելելով,- Թունավորված ծաղիկը թունավոր պտուղ է տալիս: Այդպիսի՞ ապագա ենք ուզում…»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս