ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկի գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքի գործը մակագրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:

Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին առաջադրված է մեղադրանք պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Գործն առնչվում է Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող նոտարական տարածքներին:

Գործով երկու մեղադրյալների նկատմամբ նախաքննության փուլում որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննության փուլում Հ. Թովմասյանի սանիկը որոշ ժամանակ նաև անցկացրել էր կալանավայրում:

Տեղեկացնենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարկանիշը helpcourt.am կայքի վերջին տվյալների համաձայն՝ 17 է: Նա ունի 5 տարվա դատավորի աշխատանքային փորձ: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մամուլի ուշադրության կենտրոնում էր տարիներ առաջ, երբ նրա վարույթում էր գտնվում Ժիրայր Սէֆիլյանի ու ընկերների գործով դատական հայցը: Այդ ժամանակ դատավորը բազմիցս քննադատվել է հասարակության կողմից՝ ոչ պրոֆեսիոնալ դատավարություն իրականացնելու համար: Մամուլն անգամ գրել էր, որ փաստաբանները դիմել էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու համար:

Ստորև ներկայացնում ենք Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով այն բանի համար, որ նա 2010թ․ դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ․ ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Ըստ մեղադրանքի՝ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության և նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով այն բանի համար, որ նա արդարադատության նախարարի հրամանով 2011 թ․ հունիսի 13-ից մինչև 2014թ․ մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ նոտարների համար գույքային վնասի տեսքով։

Մեղադրանքի համաձայն՝  Նորայր Փանոսյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին փաստացի պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է նոտարական պալատի համար գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Տեսանյութեր

Լրահոս