«Այս օրենքի կիրառումից կերևա՝ իշխանությունը դեմոկրատակա՞ն է, թե՞ ավտորիտար». Կարեն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը 168TV«Ռեվյու» հաղորդմանը տված հարցազրույցում ասաց, որ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ամբողջական ընդունման դեպքում մտահոգությունները կապված են կիրառման հետ. «Կկիրառվի՞ այնպես, ինչպես նախատեսված է, թե՞ դա կդառնա գործիք՝ ճնշումների ենթարկելու և մարդկանց խոսքի ազատությունից զրկելու համար»:

Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ատելության խոսքի՝ բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:

Պատգամավորը նկատեց՝ ընդդիմությունն ամեն կերպ փորձում է սաստել ատելության խոսք տարածողներին. «Արդյունքում՝ թիրախավորվում ենք, որովհետև այնքան է սրվել իրավիճակը, որ, եթե անգամ խաղաղության կոչ ես անում, որևէ մեկը չի կարողանում լսել նաև խաղաղության կոչ անողներին: Մարդիկ չեն հասկանում, որ միայն սև ու սպիտակով չէ ընդհանուր պալիտրան բաժանվում, բազմաթիվ և բազմազան են հնարավոր տարբերակները: Մարդը կարող է լինել մի հարցում դեմ, մի հարցում՝ կողմ, մի հարցում ունենալ այլ կարծիք և այլ մոտեցում: Այս պարագայում իշխանությունը միշտ ավելի շատ անելիք ունի»:

Հիշեցրինք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախագծի քննարկման ժամանակ ասել էր, որ իշխանությունները չեն դատապարտում ատելության խոսքը, որովհետև դա ձեռնտու է իշխանությանը: «Հենց դրանում է դեմոկրատական և ավտորիտար իշխանության տարբերությունը: Դեմոկրատական իշխանությունն անում է նաև այն, ինչ իրեն ձեռնտու չէ, եթե դա անհրաժեշտ է ընդհանուր բարօրությանը: Եթե հակառակն է արվում, ուրեմն իշխանությունն ավտորիտար է»,- պարզաբանեց նա:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ մեր իշխանությունն ավտորիտա՞ր է, նա պատասխանեց. «Ոչ, տվյալ դեպքում մենք առայժմ ունենք իշխանություն, որ ցանկանում է դեմոկրատական ճանապարհով գնալ: Այս օրենքի կիրառումից կերևա՝ իշխանությունը դեմոկրատակա՞ն է, թե՞ ավտորիտար»:

Հետաքրքրվեցինք՝ խորհրդարանում ականատես ենք լինում «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների ելույթների վերաբերյալ իշխող խմբակցության պատգամավորների հակադարձող, երբեմն՝ հեգնող ելույթներին, ձեզ անընդհատ հիշեցնում են 3-րդ ճանապարհը, թաշկինակ նվիրում, իսկ ձեր խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց ատելության խոսքի դեմ պայքարը սկսել հենց Ազգային ժողովից. իշխանության նման վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ ինչո՞վ է պայմանավորված, գուցե նախկինում մի դաշինքով հանդես գալու հետևանքով միմյանց լավ եք ճանաչում, դրա՞ համար:

Ի պատասխան՝ նա ասաց, որ չգիտի՝ իշխանության նման վերաբերմունքն ինչով է պայմանավորված. «Կա այլ կարծիքի և քննադատության անհանդուրժողականություն իշխանության կողմից: Շատ հաճախ իշխանություններն ասում են, որ՝ մենք ընտրվել ենք ժողովրդի կողմից, մենք լեգտիտիմ ենք, հետևաբար՝ դուք իրավունք չունեք մեր մոտեցումից տարբերվող մոտեցում ցուցաբերել, որովհետև մենք ներկայացնում ենք ժողովրդի ձայնը: Ո՛չ, դա այդպես չէ: Ցանկացած իշխանություն ներկայացնում է ժողովրդի կոնկրետ հատվածի ձայնը, երբեք չի ներկայացնում ամբողջ ժողովրդի ձայնը, և հնարավորություն է ստանում իրականացնել իր ծրագրերը, գաղափարները կյանքի կոչել զուտ նրա հաշվին, որ ստացել է ձայների մեծամասնություն՝ ընտրությունների միջոցով: Հարցը հենց դա է, որ այս պարզ բանը պետք է կարողանան հասկանալ»:

Անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին և «Այո»-ի կարգախոսին, նա ասաց, որ հեղափոխությունն ավարտվել է, հիմա հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի փուլն է. «Ինչքանով հեղափոխական ուժի կողմից կստացվի դա իրականացնել ու դառնալ դեմոկրատական կառավարող ուժ, դա ժամանակը ցույց կտա: Այս պահին այդքան էլ մխիթարական չեն գնացող գործընթացները, համենայնդեպս, ընդհանուր թիմի մակարդակով»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան ասուլիսում օգտատերերից մեկի հարցին պատասխանելով՝ ասել է, թե Ստամբուլյան կոնվենցիան չեն ներկայացրել ՍԴ վավերացման, որովհետև նախ՝ Վենետիկի հանձնաժողովին են դիմել կարծիք ստանալու նպատակով, բացի այդ, ըստ նրա՝ մեդիամանիպուլյացիաների շրջանակում թյուր տպավորություն էր ստեղծվել կոնվենցիայի մասին, իսկ այդ մթնոլորտում վավերացման պրոցես չէին կարող սկսել, բայց պատրաստվում են հասարակությանը ներկայացնել, թե ինչի մասին է և ինչի մասին չէ կոնվենցիան: Կարեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն՝ ապրիլի 5-ի հանրաքվեից հետո իշխանությունները երկրի, ժողովրդի համար էական  հարցերի շուրջ մտադիր են նոր շրջափո՞ւլ են սկսել, և արդյո՞ք այս և այլ հարցերի համար չէ իշխանությունը ցանկանում ՍԴ կազմը փոխել:

«Չեմ կարող ասել, համենայնդեպս, իրենց ելույթներից կարող եմ ենթադրել, որ նման մտադրություններ կան: Մտավախություններ կան, բայց «Լուսավոր Հայաստանը» հետևում է գործընթացներին և կբարձրաձայնի, եթե ականատես լինենք այն փաստին, որ ՍԴ-ն չի լինելու անկախ մարմին»,- ի պատասխան՝ ասաց նա:

Դիտարկմանը՝ իրենց բարձրաձայնումից ի՞նչ է փոխվելու, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները հանրաքվեի դրվող հարցի ընթացակարգերի խախտումների վերաբերյալ խնդրի մասին էլ բարձրաձայնեցին, բայց արդյունքում ոչինչ չփոխվեց, և այն դրվեց հանրաքվեի, նա այսպես արձագանքեց. «Մենք իշխանություններին չենք կոչ անում, մենք հանրայնացնում ենք, որպեսզի ժողովուրդը ծանոթանա խնդրին: Ընդդիմության գործիքը հանրային կարծիքն է: Ընդդիմությունը փորձում է ձևավորել հանրային կարծիք: Թե ինչքանով ազդեցին մեր գործընկերների ելույթները հանրային կարծիքի վրա, կերևա ապրիլի 5-ին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս