«Ես երեխա ունեմ: Ես ոչ մեկից ոչինչ չեմ թաքցրել»

168.amի զրուցակիցն է երգչուհի Լիլիթ Կարապետյանը: Նա ունի 3 տարեկան տղա՝ Կարեն-Ալեքս անունով: Կարեն-Ալեքսի, երգչուհու ներկայիս աշխատանքային գործունեության մասին խոսեցինք  հենց իր՝ Լիլիթ Կարապետյանի հետ:

– Վերջերս հայ երգչուհիների մոտ  մոդա է դարձել իրենց  երեխաներին արտերկրում ունենալ, քո երեխան նույնպես ծնվել է արտերկրում: Ինչո՞ւ  որոշեցիր, որ նա չպիտի Հայաստանում ծնվի:

– Իմ տարբերակը մի փոքր այլ էր: Ես առողջապես վատ էի, մեր երկրում ինձ հույս չէին տալիս: Ես արդեն 5 ամսվա հղիություն ունեի, երբ հասկացա, որ լավ չեմ: Տեղի բժիշկներն ասում էին, որ 75 տոկոս հավանականություն կա, որ ինձ մոտ ամեն բան վատ ավարտ կունենա: Այդ նույն ժամանակահատվածում ես ԱՄՆ-ում երգի ձայնագրում ունեի: Երբ հասա այնտեղ, հասկացա, որ այլևս ի վիճակի չեմ գործերս շարունակելու: Անկողնային ռեժիմով անցկացրի իմ հողիության մնացյալ ժամկետը: 8 ամսականում իմ բալիկը ծնվեց:

– Ինչպիսի՞ն էր՝ մինչ բալիկիդ ծնվելը,  «մայր» ասվածի նշանակությունը քեզ համար, և ինչպիսի՞ն է այն հիմա:

Կարդացեք նաև

– Ասում են, արածներիդ համար պետք չէ ափսոսալ, չարածների համար է պետք ափսոսալ: Երբ մտովի հետ եմ գնում, հասկանում եմ, որ ավելի ճիշտ է վաղ տարիքում բալիկ ունենալը: Դու այդ երեխայի մեծանալն այնքան էլ չես զգում, քեզ մոտ նյարդային վիճակներ չեն լինում, կյանքի վատ իրադարձություններն իրենց դրոշմը քո հոգում թողած չեն լինում: Ամեն բան այդ պարագայում  ավելի հեշտ է լինում: Իմ տարիքում (չնայած այն այնքան էլ մեծ չէ, որքան շատերն են կարծում), միգուցե դա գալիս է նրանից, որ վաղ տարիքից եմ երգել, բայց մարդիկ ավելի նյարդային են: Հոգսերն ու խնդիրներն ամեն մեկի վրա անդրադառնում են, բայց ես աշխատում եմ, որ այդ ամենը երեխայի վրա չանդրադառնա:

– Ինչպիսի՞ն է քո բալիկը:

– Շատ շարժուն երեխա է: Նա ինձ անգամ չի թողնում, որ իրենից բացի՝ որևէ այլ  բանի մասին մտածեմ: Եթե որևէ սխալ բան է անում, գալիս-ասում է` «կներես, մամա ջան, ես էլ չեմ անի, կներես, հա՞»:

Բալիկիդ խնամքով միայն դո՞ւ ես զբաղվում:

– Արդեն 3 տարի է` իմ բալիկին ամառային հանգստի ժամանակ ուղարկում եմ ԱՄՆ: Ուզում եմ, որ իր ժամանակը լավ անցնի,  հետո էլ` այնտեղ անցնում է անհրաժեշտ բժշկական հետազոտությունները: Հիմա նա այստեղ չէ: 2 ամիս այնտեղ կմնա: Շատ մերվող, շուտ միջավայրին հարմարվող երեխա է:

– Ո՞ւմ մոտ է այնտեղ բալիկդ բնակվում:

– Ընկերուհիս է հոգ տանում իր մասին: Ամեն տարի տանում է իր մոտ: Այնտեղ երեխան մանկապարտեզ է հաճախում, շփվում է երեխաների հետ: Մի խոսքով` օրը շատ հագեցած է անցնում:

– Իսկ առանց նրա ո՞նց ես դիմանում:  Դժվար չէ՞:

– Շատ դժվար է: Բայց իմ աշխատանքից երկար ժամանակ չեմ կարող  կտրվել: Ես Հայաստանում եմ ապրում, Հայաստանում եմ աշխատում: Ես չեմ կարող իմ գործը երկար ժամանակով թողնել:

Երբ բալիկդ Հայաստանում է, ո՞վ է քեզ օգնում իր խնամքի հարցում:

– Մայրս է օգնում: Նա գիտի, որ ուտելու և քնելու հարցերը միայն պետք է լուծի մայրս, մնացյալ հարցերով՝ ինձ է դիմում: Կատարել ենք աշխատանքի բաժանում, ամեն մեկս մեր բաժինն ունենք:

– Ո՞նց  ընկալեցիր այն փաստը, որ մայր ես դառնալու:

– 30-ից հետո երեխա ունենալն իր օգտակար կողմն ունի: Դու ավելի պատրաստ ես լինում դրան, դու հասուն ես, մտածված, գիտակցված ես դիմում այդ քայլին: Բայց մնացած պարագաներում՝ ավելի լավ է վաղ տարիքում երեխա ունենալ:

– Նոր տեսահոլովակներ չունես, ինչո՞ւ:

– Որովհետև չեմ կարողանում դրանք նկարել: Երևի տեղյակ կլինեք գներից կամ մնացած այլ ծախսերից: Երբ  աշխատում ես անգամ մի քանի վայրում, բայց գիտես, որ բալիկ ունես, ում մասին պետք է լավ հոգ տանես, հասկանում ես, որ տեսահոլովակի համար գումար տրամադրել չես կարող:

Բոլոր երեխա ունեցողները կհամաձայնվեն, որ երեխա պահելը ամենածախսատար գործն է:  Ամեն տարի ես պատրաստվում եմ ձայներիզս թողարկել կամ այլ աշխատանքներ կատարել, բայց չի ստացվում: Գալիս է երեխայի երկրից գնալու ժամանակը, և ես հավաքած գումարը ծախսում եմ երեխայիս վրա: Իսկապես, երկար ժամանակ է, ինչ ինձ կողքի եմ պահել այս ամենից, բայց հույս ունենամ, որ երկար չի ձգվի:

– Դու բավարարվո՞ւմ ես նրանով, ինչ այսօր ունես:

– Ես բավարարվող չեմ, սակայն պայմաններն այնպես են դասավորվել, որ դու ստիպված բավարարվում ես սրանով: Ժամանակին ես նույնպես անընդհատ աշխատանքներ էի անում: Սա թվով իմ 7-րդ ձայներիզն է, նշանակում է` պարապ նստող երգչուհիներից չեմ:

Բոլորն են տեղյակ, որ կոնկրետ հեռուստատեսություններում գոյություն ունեն մարդիկ, ովքեր իրենք են որոշում՝ դու կլինե՞ս եթերում, թե՞ ոչ: Պատնեշ են շարում քո դիմաց: Սկզբում դու սկսում ես պայքարել, քո գործով փորձում ես ապացուցել, որ քեզ սիրում են, բայց գալիս է մի պահ, որ այդ ամենին այլ կերպ ես նայում: Այդ ամսին ես անգամ եթերով խոսեցի, անգամ մարդիկ, ում հասցեագրված էր խոսքս, հեռվից հեռու փորձեցին ինձ համոզել, որ նման բան չկա: Ես երգում եմ մաքուր էստրադա, ես խոսել գիտեմ, ես ունեմ եթերային արտաքին: Ունեմ ամեն ինչ, ինչ պետք է եթերի մարդուն, բայց երևի ես կխանգարեի նրանց սիրեցյալներին:

10 տարուց ավելի է` այդ խնդիրը կա: Վերջում մի պահ եղավ, որ հասկացա, որ պայքարել չեմ կարող: Որոշեցի բավարարվել այն ամենով, ինչ ունեմ: Սկսեցի մտածել այլ երկրներում հյուրախաղեր ունենալու, հանդես գալու մասին: Իրենք բերեցին-հասցրին այն վիճակին, երբ դու քո երկրի հետ հույսեր կապել չես կարող:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս