«Մի’ մտածեք, թե ՀՀԿ-ն մոլորյալ ման է գալիս` ով պիտի Սերժ Սարգսյանին սատարի»

Այս օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելիք թեկնածուների անուններն են: Առայժմ հայտնի է միայն, որ հաստատ առաջադրվելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ու այդ համատեքստում հետաքրքիր է Սերժ Սարգսյանի հնարավոր մրցակցի հարցը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ս. Սարգսյանի մրցակից կարող են լինել բոլոր առաջադրվող թեկնածուները: «Մրցակից կարող են լինել բոլորը, ովքեր որ դնեն, մրցակիցներ են այն առումով, որ բոլորը առաջադրվում են, բայց բոլորի խնդիրն այն չէ, որ նախագահ դառնան: Պարզապես, ավելի հաղորդակից կամ ակտիվորեն են կարողանում ներկայանալ հասարակությանը, իսկ սա էլ լուրջ խնդիր է»,- ասաց Գ. Սահակյանը: Իսկ մեր այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վերջին շրջանում քննարկվող այն խոսակցությունը, ըստ որի` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Գ. Սահակյանը պատասխանեց.

«Նախ` ասեմ, որ պետք չի դրանից հուզվել: Ես կարծում եմ, որ, ի վերջո, ժամանակը գա, բոլորն էլ կգան, խնդրի հիմնական տեսակետներ արտահայտելու ժամանակաշրջանը կգա: Այս պահին, եթե կուզեք, Սերժ Սարգսյանի գործոնը ոչ թե սատարումից է կախված, այլ իր կատարած աշխատանքից: Նա մեր ամբողջ ժամանակաշրջանի մարդկանցից մեկն է` եթե ոչ առաջինը, և ինքն իր վարկանիշը` և՛ ներսում, և՛ դրսում, ապահովել է: Առավել ևս, ասեմ, որ եթե Հանրապետականն էլ է սատարում այսօրվա իրավիճակում, եթե աղյուսակի վերածենք, Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի, ավելի բարձր է, քան հենց Հանրապետականինը: Էնպես որ, էդ սատարման խառնիճաղանջ երևույթները, կարծում եմ` գործոն է` ինչ-որ ձևով ակտիվացնելու:

Բնականաբար, ժամանակը կգա, հետո սատարման խնդիրը կախված է տվյալ պահից, տվյալ քաղաքական իրավիճակից, թիմերի ռազմավարությունից, և մի՛ մտածեք, որ հանկարծ Հանրապետականը մոլորյալ ման է գալիս, թե ով պիտի Սերժ Սարգսյանին սատարի: Սերժ Սարգսյանն իր սատարման գործակիցն արդեն ունի»:

ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշեց, որ իրենց կուսակցությունը սատարելու է Ս. Սարգսյանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: ««Օրինաց Երկիր» կուսակցությունը լուրջ քաղաքական կազմակերպություն է, և արդեն իսկ հայտարարել է 2008թ. և իր հայտարարության տակ դրել է իր ստորագրությունը, որ ինքը պաշտպանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին»,- ասաց Հ. Բիշարյանը:

Իսկ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միասնական թեկնածուով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման մասին տարածվող խոսակցությունները, վերջինս պատասխանեց. «Քաղաքական ուժերը փորձում են միասնական կոալիցիա ձևավորել և ներկայացնել իրենց միասնական թեկնածուին, ինձ թվում է` մանրամասներին իրենք տեղյակ կլինեն, քանի որ պաշտոնական հրապարակում չի եղել, հայտարարություն չի եղել: Չեմ կարող մեկնաբանել այն, ինչ դեռ չեմ լսել և չեմ տեսել»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այս թեմայով մեզ հետ զրույցում նշել էր, թե ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի` միասնական թեկնածուով հանդես գալը հեքիաթի ժանրից է, և, որ ինքն այդքան հնարավորություն չունի, որ դա պատկերացնի: Իսկ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանելով նույն հարցին` ասաց, թե իրենք պատեհ պահին կհայտարարեն իրենց որոշման մասին: «Այնպես, ինչպես վերջին շրջանում անընդմեջ խոսվել է նախագահական ընտրությունների մասին, մենք որևէ նոր բան չենք ասելու: Եվ կասենք այն պահին, երբ կգտնենք նպատակահարմար: Եվ հատուկ ավելացնեմ, որ դա չի նշանակում, որ մենք չունենք որոշում, և դա չի նշանակում, թե մենք քննարկում ենք այդ հարցը: Դա նշանակում է, որ ռազմավարական և մարտավարական նպատակահարմարությամբ մենք հիմա չենք ուզում խոսել այդ մասին»,- ասել էր Տ. Ուրիխանյանը:

«Քիչ հավանական է կամ գրեթե բացառում եմ: Բայց մեծ աշխարհ է` ի՞նչ իմանաս»,- անդրադառնալով ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի` միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Իսկ մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունն առաջադրի նախագահական ընտրություններում, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, դեռ վերջնական որոշում չի եղել այդ հարցում, բայց և՛ վարչության, և՛ կուսակցության, և՛ համակիրների, և՛ կուսակցության խորհրդի ընդհանուր տրամաբանությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվի` որպես նախագահի թեկնածու»:

ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ, անդրադառնալով ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի` միասնական թեկնածուով հանդես գալու մասին լուրերին, ասաց. «Դեռ վաղ է ընդհանրացնել, ինչ-որ եզրահանգումներ անել, բայց, հաշվի առնելով վարչախմբի այսօրվա որակները, կարծում եմ` ՀԱԿ-ը պետք է դեմ չլինի բոլոր մտահոգ մարդկանց, քաղաքացիների, քաղաքական ուժերի աջակցությանը, որը կլինի ՀԱԿ-ի թեկնածուի օգտին: Բայց ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ Ռ. Քոչարյանը, իրավ, հայ ժողովրդի չարիքն է, սև էջն է պատմության, և նրա հետ որևէ եզրեր, չնայած ասում են` քաղաքականության մեջ երբեք «ոչ» մի ասեք, բայց Քոչարյանի դեպքում դա` մեր կուսակցության պարագայում, իմ անձնական կարծիքն այդպիսին է, որ Քոչարյանի հետ համագործակցությունը փաստացի մեր ժողովրդին լրջագույն վնաս հասցրեց, մի քանի տասնյակ տարի հետ գցեց բոլոր առումներով»:

Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի ակտիվ խոսակցություններին և նրա` թեկնածություն առաջադրելու մասին լուրերին, Պ. Մակեյանն ասաց. «Համենայն դեպս, այս ընտրություններում բացառված է, բայց եթե այս նույն տեմպերով վարչախումբը մեր հասարակությանը փչացնի, ապա 5 տարի հետո չի բացառվում, որ Քոչարյանի նմանները մտնեն արենա: Ցավոք սրտի, չի բացառվում, բայց ամեն ինչ պետք է անենք, որ կանխենք նման զարգացումները»: Իսկ հարցին, թե նախագահական ընտրություններում արդյո՞ք ՀԱԿ-ն ունենալու է իր թեկնածուն, Պ. Մակեյանը պատասխանեց. «ՀԱԿ-ում այդ քննարկումը վերջին քաղխորհրդի օրակարգ չմտավ, որովհետև մտածում ենք, որ պետք է առաջին հերթին` ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր դիրքորոշումը հայտնի, որից հետո կգնան քննարկումներ: Հիմա սպասում ենք այդ մոտեցմանը: Վերջերս, կարծեմ, Զուրաբյան Լևոնը մամուլում հանդես էր եկել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, կարծես, մտորում է և ինչ-որ հնարավոր զարգացումների տարբերակների մասով փորձում է եզրեր փնտրել, գտնել»:

Տեսանյութեր

Լրահոս