Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի քայլերը
Սեպտեմբերի 14-ին շարունակվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուի հետ:
Զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ժողովուրդների միջեւ բարեկամության խորացմանը:
Յիանակիս Օմիրուն եւ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեցին կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:
Հայաստանի արտգործնախարարը Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, Արեւելյան գործընկերության ձեւաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը:
Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտեց մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու եւ հերոսացնելու Ադրբեջանի իշխանությունների անընդունելի քայլը՝ ընդգծելով, որ Կիպրոսի խորհրդարանը լիովին սատարում է սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանի կողմից այդ հարցով ընդունված բանաձեւը:
Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, եւ այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի եւ Հայաստանի արտգործնախարարի ճեպազրույցը լրագրողների հետ: