Զարմանահրաշ բուժումներ
Բազմիցս գրվել է մեղվի ստեղծագործ աշխատանքի, նրա ստեղծած բուժիչ նյութերի մասին։ Անգնահատելի է մեղվի աշխատանքը` հանուն բնության զարգացման, որ կատարվում է բույսերի փոշոտման միջոցով։
Ուզում ենք մեր ընթերցողին պատմել մի անչափ հետաքրքիր իրական պատմություն։ Մոտ 60 տարի առաջ Սևանի ավազանի Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում երիտասարդ կինը թոնրից եռացող ճաշով կաթսան հանելիս այրել է ձեռքերը։ Այրվածքի հետևանքով առաջացած վերքերը ամիսներ շարունակ չեն ապաքինվել, վերածվել են տրոֆիկ խոցերի։ Ամռանը կանայք երեխաների հետ միասին գնում են գետի մոտ, անսպասելիորեն հայտնվում են մեղուները։ Բոլորը փախչում են, բացի հիվանդ կնոջից. նա շրջապատված էր մեղվապարսով և վախենում էր շարժվել։ Մեղուները պտտվում էին նրա շուրջը, կարծես ինչ-որ խնդիր էին վճռում։ Նրանցից շատերն իջան և խայթեցին կնոջ հիվանդ ձեռքերը, մյուսները հեռացան։
Կնոջը տարան հիվանդանոց, բժիշկները դժվարությամբ փրկեցին նրա կյանքը։ Կարճ ժամանակ հետո բուժվեցին կնոջ ձեռքերի վերքերը, ընդ որում, մաշկը վերականգնվեց` առանց որևիցե նկատելի սպիների։
Ի՞նչ է սա` հրա՞շք, թե՞ Աստծո կողմից տրված ենթագիտակցական ծրագիր, որով առաջնորդվում է առանձին վերցված մեղուն և ողջ մեղվաընտանիքը։ Հրաշքներ չեն լինում, մենք ընդամենը կարող ենք ուսումնասիրել, հասկանալ կամ ոչ` այն, ինչ վաղուց ի վեր տրված է ի վերուստ։
Ցավոք, ոչ միշտ ենք արձագանքում բնության ձայներին։ 1988թ. մեղուները գրեթե ողջ ՀՀ հյուսիսում նախապես տագնապ էին բարձրացրել` «ահազանգ սպասվող երկրաշարժի մասին»։
Սակայն մեղվի, կրետի, շմելի, մելիտոնի կամ բոռի խայթոցները կարող են մեծ անհարմարություններ պատճառել, նույնիսկ մահվան պատճառ դառնալ։
Մեղուն խայթում է, երբ վտանգ է զգում, և դա ի սկզբանե ծրագրված ինքնասպանություն է։ Ապա ինչո՞ւ մեղուները խայթեցին հիվանդ կնոջը։
Կրետը կարող է խայթել մի քանի անգամ։
Եթե մարդը սատկացնում է մելիտոնին կամ ձիաբոռին, ապա պետք է արագ հեռանա, քանի որ թույնի հոտն ազդանշան է ողջ պարսի համար։
Ըստ վիճակագրական տվյալների` մեղուն և կրետն ավելի հաճախ են մարդկանց մահվան պատճառ դառնում, քան օձերը։
Կրետը հաճախ է բույն հյուսում շինությունների մոտակայքում, տանիքների տակ, պատերի մեջ առաջացած ճեղքերում։ Սիրում է մտնել շշերի, մրգի և ձմերուկի պտղամսի, ուտեստների մեջ։ Առավել վտանգավոր է խայթոցը գլխի, բերանի, կոկորդի, շրթունքների շրջանում։
Պետք է հնարավորինս արագ հեռացնեք խայթը. եթե պայթի թույնով լի պարկը, ապա այն արագորեն կտարածվի օրգանիզմում։ Վերքն արագ լվացեք օճառով, վրան դրեք սառցե խորանարդիկ, փոշիացրեք ասպիրինի հաբը և ներմերսեք վերքի մեջ։
Ցավերը նվազեցնում է անուշադրի սպիրտը։ Այտուցն իջեցնելու համար օգտագործեք թրջած կերակրի սոդան (1։1) կամ ակտիվացված ածուխի փոշին։ Ածուխը հարկավոր է պահել վերքի վրա 8-12 ժամ։ Եթե դեպքը կատարվել է դաշտում կամ անտառում, ապա օգտագործեք խոնավ կավը` պահեք վիրակապը մինչև չորանալը։
Եթե ցավերն ուժեղ են, խմեք հակաալերգիկ հաբեր (կլարիտին, տավեգիլ, սուպրաստին, դիմեդրոլ, և այլն)։
Մեղվի, կրետի և նման միջատների խայթոցների դեպքում հնարավոր է, որ առաջանա ծանրության զգացում կրծքավանդակի շրջանում՝ եղնջատենդ, սրտխառնոց, փսխում, խռպոտություն, հևոց, գլխապտույտ, ուշագնացություն և շոկային վիճակ, դեմքի կամ լեզվի այտուցում։ Սրանք այն ախտանիշերն են, որոնցից յուրաքանչյուրն ազդակում է այն մասին, որ պարտադիր է դիմել բժշկի միջամտությանը։ Իսկ մինչ այդ ծածկեք հիվանդին վերմակով, դրեք տաք ջրով ջեռակներ, խմեցրեք հակաալերգիկ, անհրաժեշտության դեպքում` ջերմիջեցնող հաբեր (2 և 1 հատ)։
Հետաքրքիր է իմանալ, որ կրետի բույնն ունի բուժիչ հատկություններ։ Այս միջատի բույնը սարքված է ստերիլ նյութից։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն խոնավակայուն է և ջերմամեկուսիչ։ Միջատը կարող է կառուցել այն` ծառի կամ բույսի, շինությունների մեջ։ Երբեմն հանդիպում են շատ գեղեցիկ «տնակներ»։ Երբ թրթուրները մեծանում են, դրանք լքում են բույնը և գալիք սերնդի համար հյուսում են նորը։ Կենդանիները խուսափում են կրետի բնից, սակայն երբեմն կուլ են տալիս դրանք` «բնակիչների» հետ միասին, որպեսզի բուժվեն ինչ-որ հիվանդություններից։
Մարդը հնագույն ժամանակներից նկատել է այս բոլորը և օգտագործել լքված բույնը ժողովրդական բժշկության մեջ։
Մեկ բույնի քաշը մոտ 200 գրամ է, եթե այն մանրացնեք, ապա կտեսնեք ներսի բջիջները։ Չորացրած բույնի փոշին հեռացնում է ոտքերի տհաճ հոտը.
- Շփեք ոտքերը, հագեք գուլպաներ և 1-2 օրից լվացեք թույլ աղաջրով։
Բույնը ունի հզոր էներգետիկ դաշտ.
- Մանրացրեք մեկ բույնը, 1 ժամ թրմեք 1 լ տաք ջրի մեջ, ապակե տարան փաթաթեք վուշե լաթով։ Ավելացրեք լոգանքի ջրին` տևողությունը 20-30 րոպե, ջերմաստիճանը` 37-38 C։
Նման լոգանքը հանգստացնում է ցավերը, հեռացնում մարմնից բացասական էներգիան։ Սակայն չի կարելի հաճախակի կիրառել նման բուժումը, բավարար է ամսական 1 լոգանքը։
Բույնը պահպանում է իր բուժիչ «զորությունը» շատ երկար ժամանակ։ Ժողովրդական բուժարարները դրանից պատրաստում են 10 տոկոսանց օղու ոգեթուրմ։ 100 գրամ հումքին ավելացրեք 1 լ օղի, 5 գ մանրացրած ակնամոմ, 150 գ մեղր, 15-20 օր թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք տարան։
- Խմեք 1-ական թ/գ առավոտյան և ցերեկը` սնվելուց կես ժամ առաջ և նախքան քնելը։
Ոգեթուրմը մաքրում է հոդերը, նվազեցնում ցավերը, նպաստում շարժողական ֆունկցիայի վերականգնմանը։
Ունի կանխարգելիչ ազդեցություն վարակային համաճարակների դեպքում, եթե նախօրոք խմեք այն։ Կիրառվում է թոքաբորբի բուժման համար։ Լավացնում է արյան շրջանառությունը, մաքրում աղեստամոքսային համակարգը վնասակար մանրէներից, կարգավորում մարսողությունը։
Ոգեթուրմը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։
Չափաբաժինները պահպանելու դեպքում հակացուցում չունի։