«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը
Ժողովրդավարական հասարակությունում հանրության վստահությունը նվաճելու նպատակով ընտրական, այդ թվում՝ հանրաքվեների կազմակերպման գործընթացներում ծայրահեղ կարևոր է քարոզարշավների ընթացքում (և դրանից դուրս) կուսակցությունների գործունեության ֆինանսական կողմի՝ եկամուտների և ծախսերի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը: Կարևոր է նաև օրենսդրորեն արգելված աղբյուրներից դուրս՝ զարտուղի ճանապարհներով ֆինանսավորումը կանխելը։
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է իր մտահոգությունը 2020 թվականի ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի ֆինանսավորման թափանցիկության ու հաշվետվողականության առումով՝ հաշվի առնելով փետրվարի 25-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» (այսուհետ՝ ՔՊ) կուսակցության դրամահավաք-երեկոյի վերաբերյալ ոչ միանշանակ ընկալումները, կուսակցության և հիմնադրամի հաշվեհամարների հետ կապված անհստակությունը, ՔՊ վերադարձի հիմնադրամի կայքում առկա տեղեկատվությունը,[1] որով փաստացի հնարավոր է դառնում «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքով արգելված անանուն և օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձանցից նվիրատվությունների ընդունումը, ինչպես նաև՝ առհասարակ կուսակցությունների և նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության հետ կապված ՀՀ օրենսդրության առկա բացերը:
«Ականատես» դիտորդական առաքելությունը, ելնելով հետհեղափոխական Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորության և բացարձակ թափանցիկության, ինչպես նաև ընտրողների իրավունքների պաշտպանության, և ապօրինի ֆինանսների և խոշոր կապիտալի ազդեցությունը քաղաքական դաշտում կանխելու անհրաժեշտությունից, ՔՊ կուսակցությանն առաջարկում է ներկայացնել հրապարակային հաշվետվություն ոչ միայն օրենքով սահմանված՝ նախընտրական հիմնադրամի, այլև կուսակցության և նրան պատկանող և կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հաշվեհամար(ներ)ի, այդ թվում՝ ՔՊ վերադարձի հիմնադրամի ֆինանսական մուտքերի ու ելքերի վերաբերյալ: Կուսակցություններին առնչվող երրորդ անձանց գործունեության թափանցիկությունը օրհասական խնդիր, է և կուսակցությունների օրենսդրությանն առնչվող բարեփոխումների համատեքստում ակնկալվում է ապահովել դրանց լիարժեք հաշվետվողականությունը:
Մինչ այդ, անհրաժեշտ է հրապարակել, թե ՀՀ նախագահի կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նշանակման օրվանից մինչ ս.թ. փետրվարի 29-ը ներառյալ՝
- Որքա՞ն գումար է նվիրաբերվել «ՔՊ» կուսակցության բանկային հաշվեհամար(ներ)ին և ում կողմից՝ նշելով առանձին նվիրատվությունները:
- Որքա՞ն գումար է նվիրաբերվել «ՔՊ» վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին և ում կողմից՝ նշելով առանձին նվիրատվությունները։
- «ՔՊ» կուսակցության ո՞ր հաշվին է փոխանցվել ս.թ. փետրվարի 25-ի դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրաբերված գումարը:
- Քանի՞սն են եղել և որքա՞ն են կազմել անանուն նվիրատվությունները՝ կատարված կուսակցության և վերադարձի հիմնադրամի հաշվեհամարներին։
- Ինչպե՞ս է կուսակցությունը տնօրինել կամ տնօրինում օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված նվիրատվությունները՝ կատարված կուսակցության կամ վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին։
- 2020 թ. մարտի 1-ի դրությամբ որքա՞ն է կազմում կուսակցության հաշվեհամար(ներ)ի և վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին առկա գումարի չափը:
Ակնկալում ենք հնգօրյա ժամկետում ստանալ ՔՊ կուսակցության արձագանքը և սպառիչ պատասխանները վերը նշված հարցերին։
Կուսակցությունները և ընտրական համակարգը Հայաստանում ավանդաբար համարվել են ամենից ցածր վստահություն ունեցող ինստիտուտներից: ՔՊ կուսակցությունը, հավատարիմ լինելով հեղափոխությամբ հռչակված արժեքներին և նոր ավանդույթների սկզբնավորման նպատակով, իր գործունեությամբ պետք է վերականգնի հանրության վստահությունը այդ ինստիտուտների նկատմամբ։
Նաև հորդորում ենք ՔՊ կուսակցությանը առաջնորդվել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ մասի 4-րդ և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասերով, հաշվի առնելով, որ ՔՊ վերադարձի հիմնադրամի օգտագործումը որպես երրորդ անձի՝ չի վերացնում օտարերկրյա աղբյուրներից և անանուն ֆինանսավորմանն առնչվող սահմանափակումները: