Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կրկին անգամ համոզվում են ենք, որ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը տարբեր քրեական գործերով՝ կախված մեղադրյալի անձից, ՀՀ պետական իրավասու մարմինների կողմից տարբեր կերպ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում: Հաճախ ենք ՀՀ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից լսում պնդումներ, թե իբրև իրենց համար կարևոր չէ, թե ում վերաբերյալ է քրեական գործը քննվում, որ իրենք գործում են բացառապես օրենքի շրջանակներում, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը», – նշված է Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմի կողմից տարածված հաղորդագրությունում:

Գագիկ Խաչատրյանի փասստաբանական թիմն արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը չի ապահովվում ՀՀ իրավապահ մարմինների կողմից, արդյունքում՝ նրա առողջական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում: Ավելին, ՀՀ պետական մարմինները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են նաև Գագիկ Խաչատրյանի՝ տարրական բժշկական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը:

Այս առումով Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում շուրջ 5 ամիս որևէ բուժում չստանալու և միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետևանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, որի հետևանքով նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել և հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը ևս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան և նշել, որ նա ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի: Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաև բուժման և առողջության պահպանման հնարավորությունից:

Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն և ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են, ուստի փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաև բողոքներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այդ խնդիրը ներկայացրել է ՀՀ Վերաքնիչ դատարանում՝ Գ.Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննության ընթացքում: Ներկայացված բողոքներում պաշտպանական թիմը արձանագրել է այդ խախտումները, ինչպես նաև միջնորդություն է ներկայացրել. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածներով թույլ տրված և շարունակվող խախտումները վերացնելու, Գ.Խաչատրյանի առողջության պահպանման, անդառնալի և լուրջ բարդություններից և հետևանքներից խուսափելու նպատակով վերացնել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և նրա նկատմամբ կիրառել անազատության մեջ գտնվելու հետ չկապված այլ խափանման միջոց:

Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքի հիման վրա, այնուամենայնիվ, արձանագրել է հետևյալը.

«Վերանքնիչ դատարանը գտնում է, որ Գ.Խաչատրյանին անհրաժեշտ և անհապաղ բժշկական օգնություն չտրամադրելը և այդ պայմաններում շարունակական կալանավորված պահելը կարող է հանգեցնել ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման, ուստի նախաքննության մարմինը, դատախազությունը և քրեակատարողական ծառայությունը պարտավոր են ապահովել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված՝ անազատության մեջ գտնվող մեղադրյալի իրավունքը ստանալու անհրաժեշտ և պատշաճ բուժօգնություն պետության միջոցների հաշվին կամ բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին, ընդ որում ինչպես ՔԿՀ-ում, այնպես էլ հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ որ այս իրավունքից որևէ նահանջ չի կարող լինել և իրավասու մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել մեղադրյալի անհրաժեշտ և պատշաճ բուժօգնություն ստանալու հանարավորությունը՝ չզրկելով նրան նաև իր նախընտրած հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում և բժշկի մոտ բուժում ստանալու իրավունքից»:

Այսքանից հետո հետևյալ տրամաբանական հարցերն են ծագում, թե արդյոք պետական իրավասու մարմինները, դրանց պրոֆեսիոնալ մասնագետները չեն տիրապետում այս հասարական իրավական նորմերին, իսկ եթե տիրապետում են, ինչու Գ.Խաչատրյանի պարագայում չեն ապահովում դրանց իրականացումը: Հետևությունները թողնում ենք Ձեզ:

 

Տեսանյութեր

Լրահոս