Տնտեսվարողները 2013թ.-ից հաշվետվությունները կներկայացնեն միայն էլեկտրոնային եղանակով
2013 թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողները պարտավոր են եկամտահարկի (այն ներառելու է նաեւ սոցիալական ապահովության վճարը) հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով տնտեսվարող սուբյեկտների համապատասխան պաշտոնատար անձինք (էլեկտրոնային ստորագրությունից օգտվողները) պետք է ստանան էլեկտրոնային ստորագրություններ եւ նույնականացման քարտեր: Սա վերաբերում է բոլոր այն գործատուներին, որոնք ունեն վարձու աշխատողներ:
Եթե տնտեսվարողները էլեկտրոնային ստորագրություն ստանան մինչեւ նոյեմբերի 30-ը, ապա կառավարությունը կհամաֆինանսավորի նրանց ծախսերի մի մասը: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ նույնականացման քարտ ստանալն արժե 3000 դրամ, էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ եւս 3000 դրամ: Նույնականացման քարտեր ստանալու համար պետք է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, իսկ էլեկտրոնային ստորագրություն տրամադրում է ՀՀ կառավարության կողմից հիմնադրած «Էկինգ» ընկերությունը:
ՀՀ կառավարությունն այսօր նաեւ որոշում ընդունեց, որով կարգավորում է պետական հիմնարկներում էլեկտրոնային ստորագրությունների եւ նույնականացման քարտերի ստացումը:
Այն տնտեսվարողները, որոնք 2013 թ. կուշացնեն կամ չեն ներկայացնի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով, կենթարկվեն վարչական պատասխանատվության: