Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Պատճառը դատական նիստին Յուրի Խաչատուրովի թարգմանիչ Ծովինար Թորոսյանի բացակայությունն էր:

Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով՝ դատարանը թարգմանչի՝ դատական նիստին չներկայանալու մասին տեղեկություն ստացել էր դատական նիստից անմիջապես առաջ: Ըստ դատավորի՝ նախորդ օրն ունեցած տեղեկության համաձայն՝ թարգմանիչ Ծովինար Թորոսյանը պետք է մասնակցեր այսօրվա դատական նիստին:

«Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու վերաբերյալ տեղեկությունը ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ, դատարանը հնարավորություն չի ունեցել ապահովելու այլ թարգմանչի մասնակցությունը: Եվ թարգմանչի բացակայությամբ դատարանը հնարավոր չի գտնում շարունակել այսօրվա դատական նիստը»,- ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին:

Հիշեցնենք, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու համար:

Քրեական գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

Տեսանյութեր

Լրահոս