«Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն». Գեորգի Մարգվելաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությանը մեղադրել է ավտորիտարիզմի, ազգային միասնության բացակայության մեջ եւ պաշտոնապես հայտարարել է քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին: Մարգվելաշվիլին իր պլանների մասին փետրվարի 17-ին գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։
«Ընտրելով ավտորիտարիզմը՝ «Վրացական երազանքն» անցել է «կարմիր գծերը»: Չկա ժողովրդավարություն, չկա ազգային միասնություն, չկա արեւմտյան ուղեգիծ: Ես չեմ կարող դրան նայել: Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն: Իմ ընկերների եւ վրաց ժողովրդի հետ միասին մենք ծառայելու ենք մեր արեւմտյան ընտրությանը»,-գրել է Մարգվելաշվիլին: Առաջին անգամ Մարգվելաշվիլին քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին հայտարարել է փետրվարի 11-ին PalitraNews հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այն ժամանակ նա այդ հայտարարությունն արել է Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ, «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավայի նկատմամբ դատավճռի կայացման ֆոնին:
Վրաստանի իրավապահ մարմինները փետրվարի 10-ին կալանքի տակ են առել Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավելի քան 48 միլիոն լարիի (17 միլիոն դոլարի) վատնման գործով: Գործը, որի համար Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքագլուխը դատապարտվել է բանտարկության, վերաբերում է Թբիլիսիիի Զարգացման հիմնադրամից 48 միլիոն լարիի վատնմանը: Այդ փողը, դատախազության տվյալներով՝ 2011 – 2012 թվականներին ծախսվել է այդ ժամանակաշրջանում կառավարող «Ազգային միասնական շարժում» կուսակցության համակարգողների ֆինանսավորման համար: Այն ժամանակ Ուգուլավան կուսակցության անդամ էր: Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահ էր ընտրվել 2013 թվականի հոկտեմբերին: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Վրացական երազանքը», սակայն հետագայում Մարգվելաշվիլիի եւ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական ճանապարհները բաժանվեցին, եւ նրանք քանիցս հրապարակավ քննադատություն են հնչեցրել միմյանց հասցեին: 2018 թվականի ամռանը Մարգվելաշվիլին հայտարարեց երկրորդ ժամկետով նախագահի պաշտոնում առաջադրվելուց հրաժարվելու մասին եւ որոշեց հեռանալ քաղաքականությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: