ԵՄ բանագնացը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Հայաստանի համար դոնորների կոնֆերանս կազմակերպելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով նախագահին տեղեկացրել է, որ աջակցության նպատակով արդեն աշխատանքներ են սկսել միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ` Հայաստանի համար դոնորների կոնֆերանս կազմակերպելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, ԵՄ հատուկ ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի հետ խոսել է Եվրամիություն-Հայաստանի համագործակցության հետագա զարգացման ու Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին աջակցության՝ ԵՄ պատրաստակամությանը:
Զրուցակիցները քննարկել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը և ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետևանքով առաջացած իրադրությունը, այդ կապակցությամբ միջազգային հանրության արձագանքներին:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ երկրների, միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում` եվրոպական մի շարք կառույցների կողմից Ադրբեջանի իշխանությունների` մարդասպան Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման ուղղությամբ քայլերը միանշանակ և խստորեն դատապարտող հայտարարությունների համար:
ՀՀ նախագահը, միաժամանակ, անընդունելի և անհասկանալի է համարել որոշ իբր «հավասարակշիռ», իսկ էության մեջ՝ զարհուրելի այդ արարքին բոլորովին անհամարժեք արձագանքները:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպանի հերոսացումն արժանի է անվերապահ դատապարտման հատկապես ԵՄ մեր գործընկերների կողմից:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո մեկնելու է Բաքու և ադրբեջանական իշխանությունների վերոհիշյալ քայլի կապակցությամբ ակնկալում է պարզաբանումներ ստանալ նրանցից:
Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ն դատապարտում է ԼՂ հակամարտության կողմերի միջև փոխվստահությանը վնասող նման քայլը և հակամարտության կարգավորման գործընթացում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Տեսանյութեր

Լրահոս