Բաժիններ՝

Հայ փորձագետները կաշխատեն «Սկոլկովո» նախագծում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ հայ փորձագետներն աշխատելու են «Սկոլկովո» նախագծում: Նրա փոխանցմամբ՝ ներկայցումս այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում, արդյունքում նախատեսվում է պայմանագիր ստորագրել:

«Առաջին համաձայնագիրը, որ մենք ստորագրելու ենք «Սկոլկովո»-ի հետ` վերաբերելու է գիտական փորձաքննությանը, խոսքն անկախ փորձագիտական համակարգի ներդրման մասին է, որը Հայաստանում իրականացվեց և բազմաթիվ քննադատությունների արժանացավ, այսօր սակայն այդ համակարգն այնքան հաջողված են համարում արտերկրում, որ մեզ հետ փորձում են պայմանագրեր ստորագրել այդ համակարգն օգտագործելու համար»,- ասաց Ս. Հարությունյանը:

Ըստ նրա՝ «Սկոլկովո»-ի հետ առաջիկայում ստորագրվելիք համաձայնագրի համաձայն` ռուսական ծրագրերի փորձաքննությունը իրականացնելու համար կիրառվելու է մեր գիտական փորձաքննության համակարգը: Այսինքն՝ հայ փորձագետները պետք է փորձաքննեն ռուսական նախագծերը:

Ս. Հարությունյանի խոսքով` հայաստանյան փորձագիտական համակարգով հետաքրքրված են նաև ղազախները, նրանց հետ ևս Գիտպետկոմը պայմանգիր կստորագրի առաջիկայում: «Նրանք պատրաստ են Գիտպետկոմի հետ պայմանագիր կնքել և վճարել համապատասխան գումար, որպեսզի մեր փորձագետները ղազախական ծրագրերը փորձաքննեն»,- ասաց Ս. Հարությունյանը՝ նշելով, որ այդ ամենի համար նրանք պատրաստ են բավական լուրջ գումարներ վճարել:

Կարդացեք նաև

Ս. Հարությունյանը կոնկրետ թվեր չի նշում, սակայն պնդում է, որ Հայաստանում փորձագետներին շատ քիչ են վճարում, օրինակ՝  այստեղ նրանք ստանում են 30-35 դոլարին համարժեք դրամ, իսկ դրսում պատրաստ են այդ ամենի համար մի քանի անգամ ավելի շատ վճարել:
Նշենք, որ ներկայում ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի փորձաքննական շտեմարանում գրանցված է 1500 գիտնականի ազգանուն, որոնցից 500-ն արտերկրի մեր հայրենակիցներն են և մոտ 1000 հոգի տեղացի գիտնականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս