«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին մասնակցության վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի մեկնարկին  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին խնդրել է ներկայացնել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ դիրքորոշումները: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մոտեցումները, որից հետո ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ  իր քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ  դեպքում չի կարող մասնակից լինել  օրինականության տեսանկյունից վիճելի գործընթացներին:

Ակնհայտ է, որ այս  գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է  բացառապես քաղաքական հարթություն՝՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար մեր հասարակության մեջ  ջրբաժաններ և բարիկադներ  ստեղծելու գործելաոճը մշտապես անընդունելի է  եղել: Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման էջը և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին և  Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայելու այդ ամենը կյանքի կոչելու համար:

Կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս