Ռուսաստանն աջակցում է ԼՂ հարցում փոխզիջման հասնելու կողմերի պատրաստակամությանը. Ռուդենկո

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների թվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Ռուսաստանը միշտ կատարում է միջնորդի իր ակտիվ դերը: Ձգձգված այդ հակամարտության կարգավորման գործում կողմերի հետ աշխատանքը մեր արտաքին քաղաքականության գերակայությունների թվում է: Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի նախագահ, արտաքին գործերի նախարարի ուշադրության կենտրոնում է, որն առավել ընդգծում է միջնորդական ջանքերի կարևորությունը, մեծացնում ուշադրությունը արդյունքների նկատմամբ»,-նշել է նա:

Ռուսաստանի անմիջական ներգրավվածության արդյունքում ստորագրված փաստաթղթերի թվում է 1994թ. հրադադարի համաձայնագիրը, որը խաղաղության պահպանման հիմնական փաստաթուղթն է մինչև այժմ: ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը միջնորդական առաքելության կարևոր փուլ է որակել նաև 2008թ.Մոսկովյան հռչակագրի ընդունումը, որում խոսվում է հակամարտության քաղաքական կարգավորման մասին:

«Ինչպես գիտեք, Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016թ. մեծամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Մոսկվա հրավիրելով Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների ղեկավարներին: Իրականացնում ենք մեր միջնորդական առաքելությունը ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,-ասել է Ռուդենկոն:

Նա ընդգծել է Ռուսաստանի դերակատարությունը հակամարտության գոտում իրավիճակի կայունացման, բանակցային գործընթացի վերաթարմացման, ինչպես նաև կողմերի տարածքներում ձերբակալված անձանց իրավիճակի մեղմացման գործում: «Պայմանավորվածություն էր ձեռք բերվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների փոխադարձ այցերի: Այդ պայմանավորվածությունների մի մասը կյանքի է կոչվել: Սահմանին և շփման գծում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Երևանի և Բաքվի միջև գործում է ուղիղ կապ, կայացել է լրագրողների փոխադարձ այցը: Վերադարձվել են կողմերում պահվող Զավեն Կարապետյանն ու Իլվին Իբրահիմովը: Շարունակվում է մյուս ձերբակալվածների ուղղությամբ աշխատանքը, որին միացել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Կարծում ենք, որ դա խոսում է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրությունների մասին: Դրա մասին են, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խոսել վերջերս Ժնևում կայացած հանդիպմանը: Կողմերը հայտարարում են կոմպրոմիսի հասնելու պատրաստակամության մասին: Սատարում ենք այդ տրամադրվածությունը: Աշխատանքի շարունակման հիմքն առկա է. գլխավորը՝ ցուցաբերել քաղաքական կամք»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

Տեսանյութեր

Լրահոս