Բաժիններ՝

ԱԻ նախարարը արտակարգ իրավիճակների կանխարգելման ասպարեզում Իրանի հետ տվյալների փոխանակման առաջարկ է արել

Այսօր` սեպտեմբերի 11-ին Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռայիսիին։ Ողջունելով դեսպանին՝ ԱԻ նախարարը ևս մեկ անգամ հայտնել է իր ցավակցությունը վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հարազատներին և նշել, որ իրենք միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել։

«Ամենից առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԻԻՀ ներքին գործերի նախարարին՝ ցուցաբերած ջերմ ընդունելության համար,- ասաց դեսպան Ռայիսին,- մեր նախարարը ջերմ ողջույն է հղում Ձեզ և հրավիրում Թեհրան։ Ձեր այցելության համար կմշակվի հատուկ ծրագիր, որի շրջանակներում Ձեզ կուղեկցեն նաև Իրանի գեոֆիզիկայի կենտրոն` ծանոթանալու մեր սեյսմիկ պաշտպանության համակարգին։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Իրանին մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Հայաստանն առաջինն իր օգնությունն առաջարկեց մեզ, և մենք դա երբեք չենք մոռանա։ Մեր երկրների միջև ստեղծվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ և համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել»։

ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում նախարար Ա. Երիցյանը նշել է փոխգործակցության այն ոլորտները, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի և Իրանի համար՝ հակակարկտային համակարգ, սեյսմիկ պաշտպանություն, հիդրոմետ ծառայություն, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, ճգնաժամային կառավարման կենտրոն և այլն։

«Մեր հակակարկտային համակարգերը կարող են տվյալների փոխանակում կատարել և օգնել միմյանց,- ասաց պարոն Երիցյանը,- Գառնու դիտարանում, որը գտնվում է ԱԻՆ ենթակայության տակ, կա աշխարհում եզակի դեֆորմոգրաֆ, և վերազինվելուց հետո դիտարանը դառնալու է տարածաշրջանային գիտական կենտրոն։ Կարող ենք կատարել ուսանողների փոխանակում, մասնագետների վերապատրաստում կամ համատեղ վարժանքներ անցկացնել։ Առաջարկում եմ նաև օն-լայն ռեժիմով միացնել նաև մեր ճգնաժամային կառավարման կենտրոնները, որպեսզի կարողանանք օպերատիվ կերպով տեղեկատվության փոխանակում իրականացնել։ Ձեր երկրում կան շատ հայեր, Ձեր հայրենակիցները նույնպես հաճախ են լինում Հայաստանում, և ունենալով բավականաչափ տեղեկատվություն` զբոսաշրջիկների թվի կամ երթուղիների վերաբերյալ, մենք կարող ենք ավելի լավ ապահովել նրանց անվտանգությունը»։

Մոհամմադ Ռայիսին հավաստել է, որ ԱԻ նախարարի նախանշած բոլոր ոլորտներն իրենց համար ընդունելի են, իսկ տեղեկատվության և փորձի փոխանակումը շատ օգտակար է ու կարևոր։

Հանդիպման ավարտին Իրանի դեսպանն այցելել է ԱԻՆ նորակառույց համաբուժարան, որը մեր երկրում աղետների բժշկության զարգացման առաջին քայլերից է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս