Անպատասխան ձեռքսեղմումներ․ ինչի հանգեցրեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի չգնալը
Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծն ուժի մեջ լինելով՝ դեռ ոչ մի դատավոր այդ «շահավետ» առաջարկից օգտվել չշտապեց։
Օրինագծի թիրախում Սահմանադրական դատարանի (ՍԴ) 7 դատավորներն էին, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Վերջիններիս տվյալ օրինագծով պաշտոնական առաջարկ արվեց՝ օրենքն ուժի մեջ մտնելու երկամսյա ժամկետում հրաժարական տալ, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, որը, ի դեպ, կազմելու է հարկատուների կողմից վճարվող ավելի քան 600 միլիոն դրամ։
Իշխանություններն այս օրինագիծը որակում են՝ որպես բարի կամքի դրսևորում կամ ձեռքմեկնում Սահմանադրական դատարանի դատավորներին։
Ձեռքը մեկնեցին, բայց ոչ մի դատավոր այդ ձեռքը չսեղմեց, վաղաժամ թոշակի էլ չգնաց՝ ամիսներ տևող ճնշումներին գերադասելով մասնագիտական բարոյականությունը։
Գուցե մեկնված ձեռքը չսեղմեցին նաև, քանի որ այլ երկրների օրինակներով՝ քաջ գիտակցում էին, թե ինչ հետևանքների կարող է այդ «բարի կամքի» նախաձեռնությունը բերել դատական համակարգն ու ողջ երկիրը։
Լեհաստանում դեռ 2017թ․-ին, դատական համակարգի բարեփոխումների անվան տակ, ինչպես և այժմ արվում է Հայաստանում, նույնպես թիրախավորել էին Գերագույն դատարանի դատավորներին՝ բարեփոխումների նախագծի մեջ ներառելով խնդրահարույց կետ այն մասին, որ նախագծի ուժի մեջ մտնելուն պես Գերագույն դատարանի բոլոր դատավորները պետք է պարտադրված հրաժարական ներկայացնեն, բացառությամբ արդարադատության նախարարի կողմից նշանակվածների։ Մյուս կողմից՝ նախագիծը լիազորում էր արդարադատության նախարարին նշանակել Գերագույն դատարանի ժամանակավոր նախագահ և ներկայացնել դատավորների թեկնածուներ։ Եվ Լեհաստանում նույնպես, ինչպես և այժմ մեզ մոտ, հարկադիր հրաժարականի դիմաց առաջարկում էին վաղաժամ կենսաթոշակի անցնելու հնարավորությունը՝ աշխատավարձի ամբողջ վարձատրության պահպանման պայմանով։
2018թ․-ին Լեհաստանում օրենքը մտավ ուժի մեջ, արժանացավ սուր քննադատության, այն էլ ինչքան սուր։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Եվրոպական հանձնաժողովը հայտարարություն տարածեց, որում նշված էր, որ հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Լեհաստանում կա օրենքի գերակայության խախտման շատ լուրջ վտանգ, ինչպես նաև իրականացված բարեփոխումների արդյունքում դատական իշխանությունը գտնվում է իշխող քաղաքական ուժի ազդեցության ներքո։ Օրենքի գերակայությունը պահպանելու համար հանձնաժողովը, որպես հաջորդ քայլ, դիմելու էր Եվրոպական միության դատարան, ընդ որում, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, Եվրոպական միության դատարան դիմելու որոշում կայացրել էր նաև Լեհաստանի Գերագույն դատարանը։ Եվրոպական խորհրդարանն իր հերթին՝ ողջունեց Եվրոպական հանձնաժողովի քայլը։ Կարծիքով հանդես եկան նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, իսկ Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքի եզրափակիչ մասում պնդում էր, որ Լեհաստանը պետք է հրաժարվի դատավորների կենսաթոշակային տարիքն իջեցնող նման նախագծի ընդունումից։
Արդյունքում՝ Լեհաստանը ստիպված եղավ ընդունել Գերագույն դատարանի օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծ՝ այդպիսով հրաժարվելով դատավորների վաղ կենսաթոշակի գաղափարից, իսկ իրենց կամքին հակառակ պաշտոնից ազատված բոլոր դատավորներն օրենքի ուժով վերականգնվեցին իրենց պաշտոններում։
Զարմանալին այն է, որ նմանօրինակ նախագծի առաջադրման ժամանակ ՀՀ Արդարդատության նախարարությունը, որպես հաջողված օրինակ, ներկայացնում էր հենց Լեհաստանը՝ չբարձրաձայնելով այն փաստը, որ միայն մասնագիտական արձագանքների ճնշման տակ Լեհաստանը ստիպված եղավ հետագայում խոստովանել այս փորձի ձախողված լինելու մասին։
Ինչ վերաբերում է մեկնված ձեռքն օդում թողած դատավորներին, լրագրողների հետ զրույցներից մեկում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ, եթե ձեռքսեղմում չկա, գնալու են առաջ ու մեկնելու են մյուս ձեռքը։ Մյուս ձեռքն էլ, ինչպես հասկացաք, Սահմանադրական փոփոխությունների նախագիծն էր, որում ներառված է նաև ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է։
Մյուս մեկնած ձեռքն էլ է դեռ օդում մնացել։ Ձեռքսեղմման փոխարեն՝ այս պահին տեղական և միջազգային կառույցների «ապտակների» շարքն է, Սահմանադրական դատարանի անդրդվելի կեցվածքը։
ԱԺ արտահերթ նիստում քննարկվող ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքին ԵԽԽՎ կոշտ արձագանքն արդեն իսկ պետք է ընկալվեր՝ որպես «կանգ առ»-ի նշան, բայց՝ ոչ։ ԱԺ ամբիոնից ևս մեկ անգամ երկրի վարչապետի կողմից վաղ կենսաթոշակի անցնելու վերջին հնարավորության կոչ կամ, գուցե, սպառնալիք է հնչում, որն անկատար է մնում։
Մի՞թե Հայաստանի նոր իշխանությունները կշարունակեն այդ աստիճան արկածախնդիր գործողությունները ու կփորձեն անցնել դեպի փակուղի տանող այն նույն ճանապարհով, որով ժամանակին անցել էր Լեհաստանը։
ԿԱՐԵՆ ԹՈՍՈՒՆՅԱՆ